Իշխանությունն ընդհանրապես ժողովրդական զենքի մասին սխալ պատկերացում ունի: Այդ զենքը անհաշիվ է ու բոլորին չես բռնի այդպիսի զենք ունենալու համար: Մեկի զենքը քեզ դավաճան ասելն է, մյուսինը՝ քեզ վրա հովանոց շպրտելը: Դա մի զենք չէ, որ կարելի է ուղղել ադրբեջանցուն: Դրանք հենց սեփական իշխանության դեմ «կռվելու» զենքեր են:

Իշխանությունն իսկապես գաղափար չունի, թե ինչ է ժողովուրդը: Դա նրանից է, որ իշխանության գալիս սեփական բարեկեցությունն էր նրանց մտքում, ոչ թե՝ ժողովրդի: Իսկ իշխանությունը միայն Փաշինյանը չէ, նրանից բացի լիքը այլ մարդ կա, որ հենց Փաշինյանի ուսերին եկավ իշխանության, ուստի ժողովրդին այդպես էլ չի դիտարկում իբրև գործոն: Ու հիմա, երբ ժողովուրդը սեփական անհուսությունն արտահայտում է իր անվառոդ «զենքերն» օգտագործելով, իշխանությունը տեղը չի գտնում:

Ինչ ասես արժե սեփական թիկնազորիդ հանձնարարես, որ մարդու ձեռքերը բռնեն ու նա թքի էդ մարդու երեսին: Ու էս պատմության մեջ մի խնդիր ուշադրությունից դուրս է մնում: Ո՞վ է թքողն առանց թիկնազորի, որը նրան բյուջեով է տված, ոչ թե որ «մորից մեկ են»: Թքողը զրո է: Էստեղից պետք է նայել՝ ո՞վ է թքողն առանց թիկնազորի: Ոչ մեկը: Ահա թե ինչու Ալենը պիտի հեռանա՝ նա սեփական իշխանությունն օգտագործել է խոսքն իր միակ զենքն ունեցող մարդու դեմ, նա էդ մարդու դեմ հանել է անհավասար ուժ:

Ինչ-որ մեկը ՔՊ-ին պետք է ասի՝ ձեզ հայհոյելու են, ձեզ վիրավորելու են, ձեր դեմքը տեսնել չեն ուզենալու, դուք ՀՀԿ-ից ոչնչով լավը չեք, դուք, այո, ունեք լեգիտիմություն, որը մսխում եք կատաղի արագությամբ: Ոնց որ հետևներիցդ ընկած լինեն: Ավելին, դուք գուցե չեք հասկանում, որ էդ ժողովրդի թիկունքում նախկինների ստվերն է շնչում, էդ պատճառով ձեզ չեն ատում հավաքականորեն, այլ անուն առ անուն:

Բայց հինգ տարին քիչ չէ, որ նախկինները փոշիանան օդում: Շուտով ձեզ հավաքականորեն կատեն ու էն ժամանակ դուք՝ իշխանություն ունեցած երիտասարդներդ, լինելու եք ՀՀ ամենադժբախտ մարդիկ, որովհետև 30-40 տարեկան չդարձած ունեցել եք ահռելի իշխանություն:

Դուք կկորցնեք իշխանությունը, իսկ ձեր երիտասարդությունը դեռ իրենը «կպահանջի»: Ուժերի ծաղկման շրջանում դուք այլևս չեք ունենալու ձեզ կարևորող գործիքներից ոչ մեկը: Ու այդ ամենը միայն այն պատճառով, որ իշխանությունը սիրում եք ավելի, քան ձեզ իշխանության բերողներին, որոնց հետպատերազմական ցնցումները համարում եք աննորմալ: Իրենք ժողովուրդ են, իրենք իրավունք ունեն ձեզ նույնիսկ սխալ հասկանալ, իսկ դուք իրավունք չունեք բռնել նրանց ձեռքերից ու թքել նրանց վրա նույնիսկ եթե նրանք ձեր քաղաքացին չեն:

Դուք այսօր հայաստանում ցույց եք տալիս Հանրապետական անպատժելիության բացառիկ օրինակ այն տարբերությամբ, որ այդ անպատժելիությունը փաթեթավորում եք ժողովրդի տված քվեով: Այսինքն, դուք քվեով եք թքում ժողովրդի վրա, ինչն առնվազն առողջ չէ: Ինչ ասեմ, դա կոչվում է քվեով տգիտություն: Մտածեք էս մասին:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest