Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները այսօր երեկոյան փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է զոհերի հարազատների մեծ մասի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․»,- գրել է Նորիկյանը:

Ավելի ուշ բողոքող քաղաքացիներին մոտեցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և հորդորել նրանց դադարեցնել այս ակցիան, բացել ճանապարհը: «Այն մարդիկ, որոնք անպատասխանատու հայտարարություններ են անում, ստանալու են իրենց արժանի գնահատականը, բայց այս գործողությամբ որեւէ բանի չենք հասնելու»,- ասել է պաշտոնյան։

Զոհված զինծառայողների հարազատները հայտարարել են, որ եթե իրենց պահանջներին լուծում չեղավ կփակեն Հանրապետության հրապարակը:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 4-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:

Այս քրեական վարույթի շրջանակներում կա 5 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:

Քրեական գործի նախաքննությունը, դրա շրջանակներում ստացված փորձաքննության եզրակացությունները զինծառայողների ծնողների մոտ ավելի շատ հարցեր են առաջացրել, և նրանք հայտարարում են, թե իրենց երեխաներին միտումնավոր վառել են:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest