Երկու օր շարունակ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նստացույց են անում Քննչական կոմիտեի մոտ: Այս գիշեր հայրերը խարույկի շուրջ են լուսացրել, արդեն լուսադեմին հանգցրել են կրակը, մաքրել տարածքը:
«Սաղ գիշեր աչք չեմ կպցրել», -ասում է զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը: Սահակյանները Հադրութից տեղահանվածներ են, պատերազմի հետևանքով ստիպված են եղել լքել հայրենի Տող գյուղը, տեղափոխվել Երևան: Պատերազմում զոհված Ժորան նրանց միակ որդին էր:
Վահիկ Սահակյանն ու զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ Քննչական կոմիտեի դիմաց անձրևի տակ, ցուրտ պայմաններում նստացույցի միջոցով պահանջում են պատժել 2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնում իրենց նկատմամբ բռնություն իրականացրած ոստիկան կարմիր բերետավորներին:
Եղանակային ցուրտ պայմաններում բողոքող ծնողներին Քննչական կոմիտեից որևէ պաշտոնյա չի մոտեցել, ավելին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը այսօր աշխատավայր մտել է, Սահակյանի խոսքով, «ճողոպրելով»:
«Մոտ 5 շարասյուն ոստիկանների միջով Արգիշտի Քյարամյանն ուղղակի ճողոպրեց: Ես կամաչեի նման քայլի դիմել: Ավելի լավ էր՝ ինքը մնար այստեղ, քան ծնողների արանքով այդ քայլին դիմեր: Այսինքն ես մեղավոր եմ՝ ձեզնից փախչում եմ: Ես իր արարքն այդպես եմ բնութագրում: Հիմա էլ կարմիրբերետավորներ կան շենքում, երևի բերել են, որ էլի փախցնեն էդ մարդուն», -ասում է Սահակյանը:
Forrights.am-ը ավելի վաղ անդրադարձել է այս քրեական գործին. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատները խաղաղ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ՀՀ վարչապետը և պաշտոնատար անձինք չմոտենան իրենց որդիների շիրիմներին: Սակայն ոստիկանության ծառայողները (կարմիր բերետավորները) փորձել էին խոչընդոտել ծնողների ակցիան և բռնի ուժ էին գործադրել խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելով ոստիկանության բաժիններ: Այդ օրը մի քանի տասնյակ անձինք Եռաբլուրից ոստիկանական մեքենաներով տեղափոխվեցին բաժանմունքներ:
Քրեական վարույթը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով: Արդեն կես տարի է անցել, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ, սակայն վարույթի շրջանակներում որևէ մեղադրյալ չկա:
«Որդիների Կանչ» ՀԿ նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն ասում է՝ իրենք նման ծայրահեղ քայլի են դիմում այն ժամանակ, երբ տեսնում են, որ քերական գործը «քնում է»: «Փորձը ցույց է տալիս, որ երբ չենք գալիս Քննչական կոմիտե, գործը ամբողջովին քնում է: Երկու ամիս առաջ էինք էստեղ և դրանից հետո կարծես ինչ-որ գործողություններ կատարվեցին, բայց միևնույն է, այդքանից հետո դեռ մեղադրյալ չկա», — ասում է Ռոստոմյանը:
Այս օրերին նստացույցի ընթացքում ծնողների պահանջն է նաև այն, որ ապացույց հանդիսացող տեսանյութերով, վկայություններով նույնականացված 13 ոստիկան ենթարկվեն քրեական պատասխանատվության:
«Մեր կին ծնողներից հինգի նկատմամբ հենց այդ 13 ոստիկանները բիրտ ուժ են կիրառել: Այդ հինգ ծնողները մարմնական վնասվածքներ էին ստացել: Այդ մասին կան նաև դատաբժշկի փորձաքննության արդյունքներ: Առերեսումների ժամանակ այդ ոստիկանները իրենց կողմից բիրտ ուժի կիրառման փաստը ընդունեցին, ասացին սխալ ենք արել, ներողություն խնդրեցին, ասացին՝ էլ չի կրկնվի: Գումարտակի հրամանատարն էլ ասաց, որ ինքն է տվել այդ հրամանը, նաև ասաց, որ անհամաչափ է եղել ոստիկանության ծառայողների գործողությունները ու ներողություն խնդրեց: Եթե իրենք էլ ընդունում են, որ անհամաչափ ուժ են կիրառել, ապա գոնե նրանց պետք է մեղադրանք առաջադրվի», -նշում է Արա Ռոստոմյանը:
Քննչական կոմիտեից ծնողների հետ հանդիպելու պատրաստակամություն չհայտնեցին, փոխարենը հանդես եկան հայտարարությամբ՝ ընդգծելով, որ բողոքի ակցիայի մասնակիցները «անհիմն պահանջներ են ներկայացնում վարույթն իրականացնող մարմնին»:
«Ակցիա իրականացնող անձինք նախընտրել են նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը։ Բացի այն, որ նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և բնույթով հակաօրինական են, նաև ավելորդ անգամ փաստում են, որ նշված անձանցից ոմանց իրական նպատակը օբյեկտիվ իրականության բացահայտմանը նպաստելը և այդ նպատակով վարույթն իրականացնող մարմնին աջակցելը չէ», -ասված է Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
ՔԿ-ն նաև նշել էր, որ առանձին անձինք չեն մասկանցում առերեսումներին, քրեական վարույթին և չեն հաղորդակցվում քննիչների հետ: Անդրադառնալով քրեական վարույթին, ՔԿ-ն տեղեկացրել է, որ «վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են՝ քննության անաչառությունը և լիարժեքությունն ապահովելու նպատակով»:
«Մարդիկ չնայած ցրտին ու իրենց ծանր հոգեվիճակին, դիմել են նման ծայրահեղ քայլի՝ 24 ժամից ավելի նստացույց են անում, և բարոյական չէր Քննչական կոմիտեից կողմից այսօր նման պարզաբանում տարածելը: Երեկ ժամը չորսից այս մարդիկ այստեղ նստացույց են անում, ինչո՞ւ այդ պարզաբանումը երեկ չտարածվեց», -Forrights.am-ին ասում է ոստիկանական գործողություններից տուժած ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ՔԿ-ի հայտարարությունը իրավաբանության հետ աղերս չունի. «Թեզերը, որ առաջ են քաշում, իրավական չեն: Ասում են՝ ծնողները մեզ հետ չեն հաղորդակցվում, իսկ որտե՞ղ է գրված քրեական դատավարության օրենսգրքում, որ ծնողը պետք է իրենց հետ հաղորդակցվի»:
Փաստաբանն ասում է՝ Քննչական կոմիտեն կարող էր օգտագործել հնարավորությունը և հենց այս ակցիայի ժամանակ էլ մոտենալ ծնողներին ու հաղորդակցվել նրանց հետ: «ՔԿ-ն ձգտում է այս գործը հնարավորինս սառեցնել, քնեցնել, որպեսզի դրանով քնեցնեն նաև ծնողների բողոքի, դժգոհության ալիքը: Այս պահին Քննչական կոմիտեն անգործություն է դրսևորում այս գործով», -հավելում է փաստաբանը:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: