Ապրիլի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ վերջինը չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում, Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

ՔԿ-ից հաղորդում են, որ կինը ձերբակալվելուց որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։

Նշվում է, որ դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ», նախատեսվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։

Ըստ տարբեր աղբյուրների, 47-ամյա կինը արցախյան պատերազմի հետևանքով Բերձորից տեղահանված է և Մալիշկայում ապրում է վարձով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest