Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ոչ մեղադրյալ կա, և ոչ էլ տուժող է ճանաչվել։ Այդ մասին Forrights.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Հարուցված վարույթի շրջանակներում ոչ մեադրյալ կա, և ոչ էլ տուժող», -ասաց Քննչական կոմիտեի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 47-ամյա մի կին չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից «բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ»։
Նաև հաղորդվել էր, որ «հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»:
Այժմ 47-ամյա կինն ազատության մեջ է։ Մալիշկա բնակավայրի ղեկավարը ասել է, որ կինը արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Բերձորից տեղահանված է ու այժմ վարձով ապրում է Մալիշկայում։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախատեսվել ՀՀ Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ»։
Հարցին, այդուհանդերձ, հնարավո՞ր է՝ քրեական գործը կարճվի, Աբրահամյանը արձագանքեց․ «Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: