Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով, գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում է մնալ դադարեցված։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բացի այս ամենը, նախօրեին գրանցվել է աղաղակող միջադեպ։

«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ: Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները և այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշման ֆոնին, որի համաձայն Ադրբեջանը պետք է ձեռնմարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու  համար:

Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,-հայտարարել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանը Արցախին կապող Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի գործարկմանը և դրա շուրջ ստեղծված խնդրին, Փաշինյանն ասել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահները։

«Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր ստացվում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի կողմից նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար։ Եվ ահա, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ էին ծագել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։

Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ ՀՀ տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ընթացքում սահմանապահների տեղակայման ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավել է։ Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

Մեր տրամադրվածությունը եղել է ու շարունակում է մնալ իրավիճակի՝ էսկալացիայից խուսափելը։ Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Համենայնդեպս, սա է մեր տրամադրվածությունը», -հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նկատենք, որ ավելի վաղ, երբ ԱԱԾ-ն տարածել էր նույնաբովանդակ տեղեկություն բարելավելու մասին, Forrights.am-ը խոսել էր Տեղ համայնքի ավագանու անդամի հետ, որն ասել էր, թե ադրբեջանցիները մտել են գյուղացիների վարելահողերի ու արոտավայրերի մեջ և այնտեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ տեղադրելով պոստեր։

Առնչվող հրապարակում — «Բարելավելը ո՞րն է, մարդկանց հողերի մեջ ադրբեջանցիները 11-րդ պոստն են արդեն դրել»․ մանրամասներ Տեղ համայնքից

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest