Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, հերքել է, որ իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել․

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Նկատենք, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Երեկ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու: Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest