Ապրիլի 2-ին Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել․ քաղաքացի Կարեն Մկրտչյանը հայտարարել է, որ Հայաստանի ԱԺ նախագահը թքել է իր երեսին։ Ինքը՝ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու փաստը չի հերքել։ «Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այդ ընթացքում ինձ մոտեցան  ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետև տարան ոստիկանական բաժանմունք»,- կատարվածից հետո սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Մկրտչյանը։

Նա նաև պատմել է, որ միջադեպին որևէ քաղաքացի չի միջամտել. «Ես, ցավոք, այդ ընթացքում չտեսա քաղաքացիների, որոնք այդ պահին նույն վերաբերմունքը ցույց կտային: Երբ իշխանությունը տեսնում է, որ իր քաղաքացիները կամակատար են ընդունում են անիրավությունները, նրանք շարունակում են այդպես: Ինձ համար ցավալի է, որ ԱԺ նախագահը նման վարվելակերպ ունի քաղաքացիների նկատմամբ»:

Մկրտչյանը նաև զարմանալի է համարել այն, որ ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ իրեն են ոստիկանական բաժանմունք տարել. «Մենք գործ ունենք անօրինության ու օրենքը կիրառվում է ընտրողաբար: Սա փաստ է, որ մեր երկիրն անդունդն է գլորվում: Ժողովրդավարություն կամ օրինականություն, դրանք ընդամենը շղարշ են»:

ԱԺ նախագահը դեպքին անրդարաձել է շատ ուշ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Օտարերկրացի այդ դաշնակցականի տղան հպարտանում է, որ ՀՀ ԱԺ նախագահ է տեսել շատ մոտիկից, ասեմ, որ երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում։

Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:

Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամաորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազիի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»։

Սիմոնյանի գրառման տակ մի քանի լրագրողներ հետաքրքրվել են՝ արդյոք Սիմոնյանը թքել է քաղաքացու երեսին։ Այդ հարցերը ԱԺ նախագահը թողել է անպատասխան։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest