Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

«Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։

Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։

Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։

Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։ Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest