Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում ողբերգական հրդեհի գործով արդեն պատրաստ են 10 զինծառայողների մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները, 5 զինծառայողի դիակների փորձաքննության արդյունքներին սպասում են։ Հարցաքննվել է գործով տուժողների իրավահաջորդ ճանաչված 10 անձ, որոնք զոհվածների ծնողներն են, մյուսները կհարցաքննվեն առաջիկայում։
«Ծնողները դիմումներ են ներկայացրել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով նախարար Սուրեն Պապիկյանին հանդիպել տուժող ծնողների հետ հանդիպել, բայց որքան էլ տարօրինակ է, պաշտպանության նախարարության ղեկավարությունը ոչ միայն ձեռնպահ մնաց հանդիպել ծնողների հետ, այլ նաև առնվազն ներողություն խնդրելու առումով որևէ քայլ չարեցին», -այսօր ասուլիսում ներկայացրել է հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Փոխարենը հրդեհից մահացած զինծառայողների ծնողների հետ մարտի 30-ին կհանդիպի Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը։
Անդրադառնալով քրեական գործի քննությանը, Նորիկյանը նշել է, որ նույն զորամասի վայրում նախկինում եղել են այլ բնույթի հանցագործություններ, հետևաբար իրենք միջնորդել են նախաքննական մարմնին, որպեսզի այդ ենթադրյալ հանցագործությունների ու հրդեհի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ իրականացնել համապատասխան քննություն։
Ավելի վաղ Forrights.am-ի հետ զրույցում այս գործող մեղադրյալներից Եղիշե Հակոբյանի փաստաբանն ասել էր, որ նույն տարածքում թմրանյութի հայտնաբերման փաստի առթիվ մեկ այլ քրեական վարույթ է հարուցվել, որը միացվել է հրդեհի վերաբերյալ քրեական վարույթին:
Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, Նորիկյանն ասել է, որ զինծառայողների մահը վրա է հասել «շմոլ գազից ու այրվածքային շոկից»։ «Եզրակացության մեջ նշվում է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով և նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով շմոլ գազով թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը», -հավելել է Նորիկյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ ստացված եզրակացությունները քրեական գործի փաստական հանգամանքների հետ խիստ հակասություններ ունեն, բարձրացնում են շատ հարցեր, որոնք պատասխան չունեն։ Մասնավորապես, ըստ Նորիկյանի, հայտնի չէ՝ որտեղից այդ կացարանում շմոլ գազ, ինչպես է այն ներթափանցել զինծառայողների կացարան։ «Հատկապես կարևոր է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում», -նշել է Նորիկյանը։
Մյուս կողմից, եթե ըստ նախաքննության, հրդեհը առաջացել է բենզինի հետևանքով առաջացած բոցից, ապա ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, երբվանի՞ց է այն առաջացել, ինչ միջոցների կիրառման հետևանքով։ «Եթե եզրակացությունից պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքները ստացել են կենդանության օրոք, ապա ինչպես բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնարին քայլեր ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու ու գտնվել են իրենց մահճակալների վրա։ Այս պայմաններում տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հնարավորությունը», -հայտարարել է Նորիկյանը։
Նշենք, որ քրեական վարույթի շրջանակներում կա 5 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: