Անահիտ Մանասյանը, որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, հայտնի չէ հանրությանը։ Նա ավելի շատ հայտնի դարձավ հանրությանը, երբ նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ։ Այդ մասին այսօր «Կառավարությունից ՄԻՊ գործուղված թեկնածուն կարո՞ղ է անկաշկանդ աշխատել» թեմայով քննարկմանը հայտարարել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Նա նաև հայտնի է լրագրողներին իր մերժողական կեցվածքով, որը բացասաբար է ազդում իր հեղինակության վրա։ Եթե հանրությունը քեզ չի ճանաչում, ապա պետք է ներկայանաս ինչ-որ կերպ․ երբ նրա թեկնածությունն արդեն առաջադրվել էր, և լրագրողները փորձում էին հարցեր տալ նրան, այդ թեկնածուն ուղղակի խուճապահար փախչում էր։ Չեմ հասկանում՝ ինչից է փախչում, ինչու չի կարող երկու բառ խոսել լրագրողների հետ», -տարակուսանք է հայտնել Ալեքսանյանը։

Նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանը պաշտոն չէ, այլ աշխատանք, համառ աշխատանք։ «Ո՞վ է Անահիտ Մանասյանը, մենք տեսել ենք, որ նա թռիչքային շարժ է ունեցել  պաշտոնից պաշտոն․ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում էր, հետո Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, բայց ամենասոսկալին՝ դատախազի տեղակալ և միայն այն բանի համար, որ նա գլխավոր դատախազի ընկերուհին է։ Դատախազությունում նրա մի քանի ամսվա աշխատանքը կարող է խոչընդոտ լինել ՄԻՊ պաշտոնում։ Այնպես հեշտ է նրա համար այստեղից գնալ այնտեղ, այնտեղից՝ այլ տեղ։ Մենք չգիտենք նաև նրա մարդկային որակների մասին։ Սա մի տեղ է, որտեղ մարդիկ դիմում են ամենասարսափելի պրոբլեմներով, որին պետք է թեկնածուն պատրաստ լինի։ Մենք չգիտենք՝ Անահիտ Մանասյանը ինչ ունակություններ ունի», -նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի մոտ հարց է առաջացել՝ այդքան հե՞շտ է մի պաշտոնից անցնել մյուս պաշտոնին, ինչպես արել է ՄԻՊ իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանը։ «Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը էդպես թեթև պաշտոն է, որ հեշտ համաձայնեցի՞ք ու էդպես հեշտ հրաժարվեցի՞ք։ Հասկանո՞ւմ են, թե ինչ կարևոր նշանակություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը», -նշել է քննարկմանը ներկա Նինա Կարապետյանցը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել դեռևս հունվարին՝ առանց բացատրելու իր հրաժարականի պաշտպաները։ Շուրջ երեք ամիս իշխող ուժը թեկնածուների փնտրտուքների մեջ էր, ինչի արդյունքում ընտրվեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Անահիտ Մանասյանը։

«Փնտրել են մաքսիմում լոյալ մարդ, որովհետև ՄԻՊ ինստիտուտը սահմանադրական մարմին է, ունի հնարավորություններ այլընտրանքային տեսակետ հայտնելու, իշխանություններից պահանջելու, ստիպելու աշխատել։ Բոլոր ժամանակներում են ՄԻՊ պաշտոնում նշանակել լոյալ մարդկանց, բայց ինչ-որ իքս պահի, պայթյունավտանգ իրավիճակներում այդ ՄԻՊ-երը կարողացել են դուրս գալ կապանքներից ու արձագանքել։ Բայց Անահիտ Մանասյանի պարագայում, որը այդքան արագ պաշտոնից պաշտոնի է անցել, հույս ունենալ, որ նա կլինի սկզբունքային, մի փոքր կասկածում եմ։ Ունեմ վերապահում», -նշել է Նինա Կարապետյանցը՝ ընդգծելով, որ այդ պաշտոնում կարելի էր նշանակել պրակտիկ, գործուն մարդկանց՝ չինովնիկի փոխարեն։

Անդրադառնալով ՄԻՊ պաշտոնում խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրված Էդգար Ղազարյանի թեկնածությանը, Ժաննա Ալեքսանյանն ասել է, որ նա ընդգծված քաղաքական կերպար է։

«Նա ընդգծված քաղաքական կերպար է, նա ի՞նչ պետք է անի այդ պաշտոնում։ Ուզում եմ ասել, որ ընդդիմությունը, իշխանությունը արժեն իրար ամբողջությամբ։ Օմբուդսմենը մարդու մասին մտածել պետք է իմանա և ոչ թե առաջնորդվի իր քաղաքական շահերով», -հավելել է Ալեքսանյանը։

Նինա Կարապետյանցն իր հերթին հիշեցրել է, որ Ղազարյանը նաև կուսակցական է եղել՝ ՀՀԿ-ից․ «Մարդը մասնակցել է այն միտինգներին, որտեղ բեմադրել են ենթադրյալ Չաուշեսկուի ու նրա կնոջ գնդակահարությունը, ու մարդը բան չունի ասելու։ Նա այնքան ընդգծված քաղաքականացված է, որ նման մարդու թեկնածությունն առաջադրելը վտանգավոր է»։

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest