ՔՊ-ին թվում է, թե կոռուպցիան այն է, երբ փող ես վերցնում ու դա հրապարակվում է: Իսկ, օրինակ, ոչինչ չանելը կոռուպցիա չէ: Կամ լրագրողների վրա, իրենց բառերով, դոսյե հավաքելը կոռուպցիա չէ:

Ի՞նչ է տեղի ունենում: Շատ պարզ մի բան: Աշխարհը ՔՊ-ին միանգամից երկու նառուշիլովկա է տվել՝ լեգիտիմ են (անվիճելի է) և պիտի կարգավորեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այսինքն, քանի որ պիտի կարգավորեն ու համ էլ լեգիտիմ են, կարող են երկիրը հասցնել աղետի, ինչն անշեղորեն անում են:

Ինչպե՞ս են անում: Կրկին պարզ է այստեղ ամեն ինչ՝ բացարձակապես ոչ մի օտարերկրյա ներդրում և ոչ մի առանձին վերցրած մարդու կյանքի բարելավում: ՔՊ-ականներից ու նրանց մերձավորներից բացի ոչ ոք չի կարող ասել, որ իր կյանքը լավացել է: Էս մի մատ երկրում 5 տարվա մեջ ոչ մեկի կյանքն ուղղակի չի լավացել ու այստեղ էլ է ամեն ինչ ավելի պարզ՝ չէր էլ կարող լավանալ, եթե նույնիսկ ՔՊ-ում տնտեսագիտական հանճարներ նստած լինեին գլխավոր դոսյե հավաքող Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ:

ՔՊ-ում մեկ հոգի չկա, որ իմանա, որ կյանքը լավանում է, երբ ապրանքի գինն ու մարդու եկամուտը մի փոքր խոսում են իրար հետ, ինչպես դոլարի առք ու վաճառքի թվերն են: Փոխարենն ի՞նչ են անում տղերքը: Տղերքը հո չեն եկել, որ կյանքը լավացնեն, նրանք եկել են, որ ՀՀԿ-ն հետ չգա: Բայց, եթե այսպես շարունակեն, ոչ միայն ՀՀԿ-ն հետ կգա, այլև հետ կգա արդեն ամենաադրբեջանական տրամադրություններով՝ սրի կքաշի ոչ միայն ամբողջ ՔՊ-ին, այլև նրանց, որոնք գուցե իվիճակի լինեն մի հատ էլ հեղափոխություն անել:

ՔՊ-ն իր գլխի գալիքը չգիտի: Որովհետև թշնամիներին փոխել է լրագրողներով: Փոխել է, որովհետև չի պատրաստվում իր մեջ փոխել կայֆի ու կոմֆորտի մղումը:

Իսկ ինչու՞ է Վահագն Ալեքսանյանը խոսում լրագրողների աշխատավարձից: Նախ որովհետև տգետ է, չգիտի, որ Պետրոս Ղազարյանից բացի ուրիշ ոչ մի լրագրող ՔՊ-ական նախարարի չափ փող չի ստանում: Երկրորդ, որովհետև հող է նախապատրաստում լրագրողների կյանքը վատացնելու համար: Իսկ ինչու՞ վատացնել: Որպեսզի լրագրողները խոնարհվելով հարցազրույց խնդրեն ու տեքստն էլ հրապարակելուց առաջ համաձայնեցնեն: Որովհետև Վահագն Ալեքսանյանն ամբողջ կյանքում մտածել է, որ եթե իշխանություն ունենա, իր մասին պետք է ասեն կամ լավը, կամ ոչինչ:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է մոտ 5 տարի: «Ոսկի» ժամանակ է, որպեսզի ամբողջությամբ կորցնի իրականության զգացումը: Այլապես լրագրողներին չէր ասի՝ գնացեք 300 հազար դոլարով առեք Սուրեն Պապիկյանի 400 հազարանոց տունը: Որովհետև եթե իրականության զգացում ունենար, կիմանար, որ Պետրոս Ղազարյանից բացի բանկերը ոչ մի լրագրողի էդքան վարկ չեն տա, որ Պապիկյանի տունը գնեն: Իսկ եթե իրականության զգացում չունի մարդը, հաստատ վաղը կհայտարարի, որ լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը չի խոսում այս երկրի գոյության իրավունքի հետ:

Ընդհանրապես, երբ իշխանությունը թիրախ է դարձնում լրագրողներին, հասարակական-քաղաքական կյանքում պետք է սպասել ինչ-որ աղետի: Պուտինը հենց այնպես իր երկիրը չմաքրեց ինքնուրույն մտածող լրագրողներից:

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest