Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Հիշեցնենք՝ Կառավարությունը անցյալ տարվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի՞ Հայաստանի սահմանադրության հետ, թե՞ ոչ։

Ըստ այսօր ընդունված ՍԴ որոշման, Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Փաստաթուղթը պետք է վավերացվի ՀՀ Ազգային ժողովում:

Նշենք, որ 2023թ. հունվարի 10-ի ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

Տեղեկացնենք, որ 24 տարի առաջ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված փաստաթղթի մասին 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն կարծիք հայտնել էր և այս փաստաթուղթը ճանաչել հակասահմանադրական։ Այդուհանդերձ, Կառավարությունում որոշել էին հիմա նորից դիմել բարձր դատարան, քանի որ 2004-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է։

Կառավարությունն այս քայլին որոշել էր գնալ, քանի որ համարում էր՝ կա հնարավորություն Ադրբեջանին պատասխանատվության կանչել ռազմական ագրեսիայի համար։ Ընդ որում, պատրաստակամություն էր հայտնել փաստաթուղթը վավերացնել հետին թվով՝ 2021-ի մայիսից սկսած, որպեսզի կարողանան դատարան դիմել անցյալ տարվա մայիսին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ու հանցանքներ գործելու դեպքերով։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest