Վերջին մի քանի շաբաթը Հայաստանի իշխանությանն հարող շրջանակները «տակից» լուրեր են տարածում, ակնարկելով մոտալուտ պատերազմի մասին։ Պաշտոնական մակարդակում եւս հնչում են էսկալացիայի մասին հայտարարություններ, ուրոնք «տրամաբանորեն» տանում են դեպի «խաղաղության պայմանագրի» ստորագրման անխուսափելիություն։ Թեկուզ մենք համաձայն չենք Բաքվի առաջադրված պայմաններին, բայց քանի որ պարտվել ենք, պետք է ստորագրենք, որ պատերազմ չլինի․ այսպիսին է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։

Նման քաղաքական կուրսը մի քանի հարց է առաջացնում․

1․ Ի՞նչն էր պարտության պատճատը եւ ամենարեւորը՝ այդ պարտությանը զարմանալիորեն արագ համակերպվելն ու Բաքվի եւ Մոսկվայի պահանջներին ենթարկվելը։ Արդյո՞ք պարտությունը վաղուց պլավավորված է եղել ։

2․  Արդյո՞ք Հայաստանը «որբ» է, եւ ստիպված է ենթարկվել «ուժեղ» Ռուսաստանին ու Ադրբեջանին, չստանալով քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը։ Թե՞ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական դասի մեծ մասը գիտակցաբար հրաժարվում են հայանպաստ առաջարկներից, որպիսզի հանկարծ չտապալեն պլանավորած ռուս-թուրքական «խաղաղ օրակարգը»։

Պլանավորված պարտության «խաղաղ օրակարգը»

Ներկայիս կառավարությունն Նիկոլ Փաշինկանի գլխավորությամբ դեռ 2020 թ․ պատերազմի ժամանակ եւ հետո փորձում էր հողերի զիջումն արդարացնել «ավելի վատ բաներից խուսափելու» մղումով։ Դա այդքան էլ լուրջ չի ընդունվում․ մարդիկ պարզ հարցեր են տալիս՝ դու հո քո հոր տնի՞ց չես բերել հողերը, որ պատրաստ ես զիջել հանուն մի բանի, որը կարելի է կանխել։ Եւ հենց դա կանխելու ու անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար ես դու աշխատավարձ ստանում հարկատուների հաշվին։

Գերմանիայի հայ համայնքի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանին հարցրեցին․ եթե ասում եք, որ չի ստացվում, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Պատասխանն խիստ անորոշ եր։ Հո չեր ասի, որ պլանների հետ չի բռնում։

Այսոր Փաշինյանը կառավարության նիստում, անդրադարնալով Ալիևի հայտարարությանն առ այն, որ ՀՀ-ն պետք է ընդունի իրենց պայմանները, հակառակ դեպքում խաղաղության ոչ մի պայմանագիր չի լինելու, ասել է, որ Ադրբեջանը տանում է էսկալացիայի, բայց պայմանագիր լինելու է՝ բարձր մակարդակում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։

Նա հիշեցրեց 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ և 2022թ. հոկտեմբերի 31-ի՝ Սոչիի եռակողմ հայտարարությունները. «Այս հայտարարություններից հետո, որ ուղիղ արձանագրումն է այն բանի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին»։

Հետաքրքիր է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ ոչ մի բան չեն պարտադրում Հայաստանին եւ նկատի են առնում ՀՀ ցանկությունները, այսինքն՝ Փաշինյանի ասած ԽՍՀՄ վարչական սահմաններն որպես պետական սահման ճանաչելը։

Պլանավորված պարտության «խաղաղ օրակարգը» պետք է «ճանաչի» Արցախը Ադրբեջանի կազմում։ Դա մինչեւ պատերազմն էր պլանավորված։

Հայաստանը «ո՞րբ» է

Արեւմտյան երկրները ե՜ւ մինչեւ ուկրաինական պատերազմ, ե՜ւ հատկապես ներխուժումից հետո Հաաստանին եւ զենքի, եւ քաղաքական, եւ անվտանգային առաջարկներ են արել՝ Բոլթոն, Փելոսի, Մակրոն, Շոլց եւ շարունակելի։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Փելոսին Երեւանում կոչ է արել Հայաստանին կողմնորոշվել եւ ասել, թե ինչ օգնություն է ակնկալում ԱՄՆ-ից, բայց ապարդյուն։

«Միջազգային հանրության» հետ հարաբերություններում Փաշինյանն էն գլխից «մուննաթով» էր խոսում․ 2018 թվականին Բրյուսել կատարած որպես վարչապետ իր առաջին այցից հետո նա հայտարարել է, որ մենք, իբր, իրենց համար հեղափոխություն արեցինք, իրենք էլ մեր փողը չավելացրեցին։

Նա այդպես էլ չարձագանքեց Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատների չորս հայանպաստ որոշումներին, Գերմանիայի կանցլերի՝ Արցախի ինքնորոշման վերաբերյալ հայտարարությանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ չառարկեց, երբ իր ռուս/հայ գործընկեր Լավրով-Քալանթարյանը Արցախի հայերին «փչացնում էր», համեմատելով «ռուսական Դոնբասի ուկրաինացիների» հետ։

Երեւի Լավրոցին նկատի ուներ Փաշինկանին, երբ ասում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։

Փաշինկանի հատուկ գործերով դեսպան Էդմոն Մառուքյանն այսօր հայտարարել է, որ Երասխում հայ զինվոր են սպանել՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Քիրբիի հայտարություններից հետո։

Հայաստանը չմասնակցեց Բրյուսելում օրերս կայացած «Շումանի համաժողովին», որից հետո ԵՄ Արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնակատար Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է զենք տրամադրել ոչ միայն անդամ-երկրներին, այլեւ հարեւան երկրներին։ Լռություն Երեւանում։

Նման քաղաքականության պայմաններում պարզ է, թե ի՞նչ «խաղաղության պայմանագիր» պիտի կնքի Հայաստանը։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest