Ռուս խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում։ Այս մասին հաղորդվում է ռուսական ռազմական գերատեսչության մարտի 16-ի տեղեկագրում։

Նշվում է, որ տուժածներ չկան, և որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Չնայած ռուս խաղաղապահները չեն նշում, թե որ կողմն է խախտել հրադադարը, սակայն Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ փոխանցել էր, որ մարտի 15-ի առավոտյան Մարտունու շրջանի խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։

Կրակոցների հետևանքով դադարեցվել էր գյուղատնտեսական աշխատանքները։

«Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», — նշել էին շտաբից։

Մարտունիում հրադադարի ռեժիմի խախտման մասին խաղաղապահները նաև մարտի 14-ին էին հայտնել, սակայն կրկին չէին նշել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը և երբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest