Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 44-օրյա պատերազմի օրերին Իշխանաձորում 18 զինծառայողների մահվան գործով դատավարությունը։ Այսօր դատական նիստում հարցաքննվեց գործով վկա Արտյոմ Պողոսյանը, որը պատերազմի այդ օրերին եղել է գումարտակի հրամանատար։

Հիշեցնենք՝ 2020-ի արցախյան պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 9-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել էր 18 զինծառայող: Այս գործով մեղադրյալը փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն է: Ըստ մեղադրանքի, 2020-ի հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից նա ստացել է հրաման ինժեներասակրավորների խումբը՝ 19 անձ, Արցախի Արծվաշեն գյուղից տեղափոխել Ջաբրաիլի տարածք:

Սակայն Իշխանաձոր գյուղի տարածքում, երբ լսվել է ԱԹՍ-ների ձայնը զինծառայողները բացազատվել են, բայց Վերանյանը նկատելով   «Ուրալ» մակնիշի մեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել վաշտի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին, հարցրել՝ ինչու անձնակազմը չի տեղաշարժվում, ստացել պատասխան, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի ձայն և, այդ իսկ պատճառով էլ երթը չեն շարունակում, և անձնակազմը գտնվում է ավտոմեքենայից դուրս:

Վերանյանը, սակայն հրամայել է կապիտան Տարոն Նիկողոսյանին, ամեն դեպքում, ԱԹՍ-ից պատսպարված անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը, որից հետո վաշտի հրամանատարը կատարել է նրա հրամանը: Զորամասի 19 զինծառայողները նստել են «Ուրալ» մեքենան և այդ ժամանակ էլ թշնամու ԱԹՍ-ն խոցում է «Ուրալը», ինչի հետևանքով առաջացած հրդեհից զոհվել են 18 զինծառայողները, իսկ շարքային Արմեն Հակոբյանը հրդեհի ալիքի հարվածից մեքենայից դուրս է ընկել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի, «Ուրալ»-ի և դրանում եղած զենքերի այրման և հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 21 մլն դրամի վնաս:

Այսօր դատական նիստին ներկայացրած գումարտակի հրամանատար Արտյոմ Պողոսյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքը, ասաց, որ Անդրանիկ Վերանյանը Տարոն Նիկողոսյանին հարցրել է՝ ինչու են կանգնել և ստացել պատասխան, թե ԱԹՍ-ի ձայն են լսել, կանգնել են ու իջել մեքենայից։ Վերանյանը պնդել է հարցը՝ հիմա ԱԹՍ-ի ձայն գալի՞ս է, սակայն Տարոն Նիկողոսյանը բացասական պատասխան է տվել։ «Դրանից հետո Անդրանիկ Վերանյանն ասել է՝ դե արագացրեք, նստեք, շարժվեք։ Ես ինքս այդ ժամանակ ԱԹՍ-ի ձայն չեմ լսել։ Դրանից հետո մեր մեքենան շարունակել է ճանապարհը, իսկ «Ուրալը» դեռ տեղից չէր շարժվել։ Շարժվելուց հետո անցանք մեկ կիլոմետրից ավել, լսեցինք ԱԹՍ-ի ձայնը, որը շատ ուժեղացավ։ Կարծում էինք մեր մեքենայի ուղղությամբ է գալիս։ Ես արագացրել եմ մեքենայի ընթացքը, ավելացրել 100 կմ/ժ արագություն ու երբ ձայնը ուժեղացավ, կանգնեցրել եմ մեքենայի ընթացքը ու դուրս նետվել մեքենայից։ Ես կարծել եմ, որ ԱԹՍ-ն գնացել, հարվածել է ամենագնաց մեքենային, որովհետև թշնամին ավելի շատ թիրախավորում էր հրամանատարական անձնակազմը, որոնք այդ տեսակի մեքենայով էին երթևեկում։ Հետո նորից նստել ենք մեր մեքենան ու գնացել պայթյունի ուղղությամբ։ Այդ ժամանակ նոր տեսա, որ «Ուրալն» է այրվել, բեռնախցիկում զինվորները նստած այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճռթճռթյունի ձայնը, զինվորի հայրը չոքած էր գետնին ու ձեռքերը խփում էր ոտքերին», -ցուցմունքում ասել է Արտյոմ Պողոսյանը։

Զինվորի հայրը, որի մասին ցուցմունքում նշել է գումարտակի հրամանատարը, Հարություն Օհանյանն է, որը զոհված 18 զինծառայողներից Արմեն Օհանյանի հայրն է։

Նա, իմանալով պատերազմի սկսվելու մասին մեկնել էր Արցախ՝ որդու կողքին լինելու համար: Հարություն Օհանյանը ինժեներասակրավորական վաշտի հետ անցկացրել է մի քանի օր, այնուհետև վաշտը ստացել է  Ջաբրայիլ տեղափոխվելու հրաման, սակայն ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան պայթել է և 18 զինծառայող զոհվել է: «Ուրալում» գտվող միայն մեկ զինվոր է ողջ մնացել: Հարություն Օհանյանը ընթացել է «Ուրալի» առջևից՝ մեկ այլ զինծառայողի հետ։

Նրանք վնասվածքներ էին ստացել։

«Վերանյանը մոտեցավ այրվող մեքենային, զինվորի հայրը նրան տեսնելով հարձակվեց, քարով խփեց Վերանյանին, ասում էր, որ նա է մեղավոր, որ երեխաները զոհվեցին։ Մենք Վերանյանին մի կողմ տարանք, նստացրեցինք, մեքենան ու շարժվեցինք», -ցուցմունքում ասել է Պողոսյանը։

Դատական նիստում նաև ներկայացվեց Հարություն Օհանյանի ու Արտյոմ Պողոսյանի առերես հարցաքննությունը, որի ժամանակ Պողոսյանը պնդել է իր ցուցմունքը, սակայն Օհանյանն ասել է, թե նա ճիշտ չի ասում․ «Երեխաները ցրված, պախկված էին, Վերանյանը Տարոնին չի հարցրել՝ հիմա էլ է ԱԹՍ-ի ձայն լսվում, որ Տարոնը նրան պատասխաներ՝ լսվում է, կամ չի լսվում։ ԱԹՍ-ի ձայնն էնքան ուժեղ էր, որ էլի կային մարդիկ, որ դրանից պախկվել էին։ Վերանյանը բարձր ձայնով հանձնարարեց՝ կապ չունի ԱԹՍ-ի ձայն ա լսվում, նստեք շարժվեք։ Ես էլ իմ տեղից բարձր ասացի՝ ԱԹՍ-ն վերևն ա, ո՞նց շարժվեն։ Վերանյանի էդ ասելուց հետո բոլորը նստեցին մեքենան ու շարժվեցին»։

Այս գործով տուժողների իրավահաջորդները պնդում են, որ գումարտակի հրամանատարը կաշկանդված է Վերանյանի գործոնով ու օբյեկտիվորեն չի ներկայացրել իրավիճակը։

Տուժողների իրավահաջորդներից Հարություն Օհանյանի համար տարօրինակ էր դրվագը, թե ինչո՞ւ է Անդրանիկ Վերանյանը Տարոն Նիկողոսյանին հարցրել՝ ԱԹՍ կա՞ վերևում, թե ոչ, ձայն, լսվո՞ւմ է, թե ոչ։ «Վկան ասում ա՝ Վերանյանը հարցրեց՝ հիմա էլ կա՞ ԱԹՍ-ի ձայն, երբ Տարոնը պատասխանեց չէ, չկա, ասեց՝ շարժվեք։ Այսինքն՝ ինքը հրամանատար մարդ ա, ռազմական գործի գիտակ, ինքը չի նայո՞ւմ տեսնի՝ ԱԹՍ կա՞ թե չկա», -վկայի ցուցմունքից իր համար տարօրինակ դրվագի վերաբրեյալ հարցեր բարձրացրեց զոհված զինծառայողի հայրը։

Այս անգամ նիստը ավարտվեց Արտյոմ Պողոսյանի ցուցմունքի հրապարակմամբ։ Նա պատասխանեց նաև կողմերի հարցերին։ Հաջորդ նիստը կշարունակվի մարտի 31-ին։

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest