Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջել է Հայաստանի տարածքային կառավարման նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից (կին, որդի, դուստր, աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույքը։

Ըստ դատախազության, խոսքը, մասնավորապես 59 անշարժ գույքի մասին է։

Դատախազությունը պահանջել է նաև բռնագանձել 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցությունների և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույք, դրամական միջոցներ։

Դատախազությունը ևս մեկ պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից հօգուտ Հայաստանի որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց և ավելի քան 160 մլն դրամ։

Սրանք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական՝ 30-րդ և 31-րդ հայցադիմումներն են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest