Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Ազգային ժողովում հայտարարել է մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի թափանցիկ հետաքննության անհրաժեշտության մասին, գրում է Ինտերֆաքսը։ Նա հավելել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պահանջել է, որ նման հետաքննություն անցկացվի և արդյունքները հրապարակվեն։

Կոլոննան նշել է, որ «Ֆրանսիան այն երկիրն է, որն ամենաշատն է շահագրգռված հայերին պաշտպանելու հարցում»։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ավելի վաղ նաև հայտարարություն էր տարածել ադրբեջանական դիվերսիայի առնչությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Արցախում  ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

ԱՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը և լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում։

Pin It on Pinterest