Հայաստանը հետընթաց է արձանագրել Freedom House-ի ազատության վարկանիշային աղյուսակում՝ նախորդ տարվա 55-րդ հորիզոնականից հայտնվելով 54-րդում։ Հայաստանը, ըստ կառույցի, մասամբ ազատ երկիր է։

«Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցը նշում է, որ Հայաստանը 2018 թվականի հակակառավարական ցույցերից և իշխանափոխությունից հետո դեռևս գտնվում է «կարևոր անցումային գործընթացում և լրջորեն տառապում է» 44-օրյա պատերազմի հետևանքներից։

Կազմակերպությունը հիշեցնում է անցած տարվա արյունալի իրադարձությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումը, որի հետևանքով զոհվել է մոտ 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր, սպանվել է 3 խաղաղ բնակիչ, ևս 20 զինծառայող՝ գերեվարվել:

«Պաշտոնական զեկույցներում առկա հավաստի ապացույցների համաձայն՝ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել», — արձանագրում է կառույցը, որն այդ օրերին հատուկ հայտարարությամբ դատապարտել էր Ադրբեջանի հարձակումները և Ալիևի վարչակազմին կոչ արել անհապաղ դադարեցնել Հայաստանի տարածքի վրա մահաբեր ոտնձգությունները։

Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին՝ զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ Փաշինյանի կառավարությունը խոստացել է կարգավորել երկարամյա խնդիրները, այդ թվում՝ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքական համակարգը, ընտրական թերի համակարգը, օրենքի թույլ գերակայությունը: Ըստ Freedom House-ի՝ որոշ խոստումների կատարմանը խոչընդոտում են Հայաստանի անվտանգային մարտահրավերները:

Զեկույցի հեղինակները վկայակոչել են Հայաստանի վարչապետի մեկ այլ խոստում բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին և փաստել՝ այդուհանդերձ, երկու հարուստ գործարարներ պատգամավորական մանդատ են ստացել հենց Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակով:

Freedom House-ը Փաշինյանի մեկ այլ կուսակցի անուն է հիշատակում՝ Վահագն Հովակիմյանի, և ընդգծում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրա ընտրությունը քաղաքացիական հասարակության մտահոգությունն է հարուցել՝ ԿԸՀ-ի անկախության և չեզոքության համատեքստում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest