Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Ջերմուկ է մեկնելու՝ ծանոթանալու անցած սեպետեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին։

Անցած տարվա ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։

Վարչապետի աշխատակազմից այլ մանրամասներ չեն հաղորդում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցի մասին՝ տեղեկացնելով միայն, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի նախկին ղեկավարն օրվա ընթացքում ճեպազրույց կունենա լրագրողների հետ։

Ռասմուսենը, ով այժմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահն է, Երևանում երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ։

Կարճ հաղորդագրություններից տեղեկանում ենք միայն, որ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սահմաններին գրեթե մեկ ամիս դիտորդություն անող ԵՄ քաղաքացիական առաքելությանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest