Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ միջանցքը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

Դեսպանը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը։

Ըստ հաղորդման՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա՝ անդրադառնալով նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 9-ին Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիքի այցելած ԱՄՆ նորանշանակ դեսպանին Քրիստինա Քվինին եւ ներկայացրել 44-օրյա պատերազմից եւ սեպտեմբերի ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի  պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։

Զրուցակիցները քննարկեցին նաեւ թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում  առաջ եկած  սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։

Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացմանն ու  մարզի դիմակայունության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին եւս»,- ասվում է հայտարարությունում։

Pin It on Pinterest