«Արդեն 3 ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում», — այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցածն ահաբեկչական ակտ որակելով։

Վարչապետը շեշտեց՝ նախորդ կիրակի Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից 3-ը զոհվել են, 1-ը վիրավորվել։

Փաշինյանը հիշեցրեց Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի, իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը»։ Վարչապետը հիշեցրեց նաև Ալիևի հաջորդ հայտարարություն, թե այդ «քննարկումները Բաքուն պատրաստվում է ունենալ Լեռնային Ղարաբաղում ծնված և ապրած մարդկանց հետ»՝ շեշտելով՝ մարտի 5-ի ահաբեկչական ակտին զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, Լեռնային Ղարաբաղում ընտանիքներ կազմած երեք քաղաքացիներ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ — « Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցում ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծում։ Ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest