Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները։ Ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը երեկ արդեն հանդիպել է վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, դիվանագետի հետ քննարկել է կիրակի Արցախում տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով 3 արցախցի ոստիկան է սպանվել։ Բաքվում ունեցած հանդիպումներից հետո այսօր Երևան ժամանած ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ևս հանդիպելու է վարչապետին։

Մարտի 7-ին Լուիս Բոնոն կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

Բոնոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում մեկ ամիս առաջ է նշանակվել։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը երեկ ամերիկացի բանագնացը, որը նաև Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդականն է, հայտարարել էր՝ Վաշինգտոնի վերջնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։

Ամերիկացի դիվանագետը կարևորել է նաև Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները՝ շեշտելով՝ իր այցի նպատակը երկխոսության ծավալումն է։

Ալիևն էլ իր հերթին գոհունակություն էր հայտնել իր ու Հայաստանի ղեկավարի միջև փետրվարի 18-ին կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Մյունխենյան այդ հանդիպմանը Գերմանիայում ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին մասնակցում էր նաև Լուիս Բոնոն։

Ամերիկացի բանագնացի այցին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսն ասել է, որ ամերիկացի դիվանագետը տարածաշրջանում է` «ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»։

«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», — ասել է Փրայսը։

Անդրադառնալով կիրակի օրն Արցախում տեղի ունեցած արյունալի միջադեպին՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը շեշտել է՝ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest