Փաստերը վկայում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է, հայտարարում է պաշտոնական Երևանը։

«Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել», — ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Մարտի 5-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայաղող, մեկը վիրավորել է, հայտնել են Արցախից։ Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր «օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ, և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը»:

Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական «վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում», շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հիշեցնելով, որ սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ:

Բացի այդ, պաշտոնական Երևանը նշել է, որ Արցախի ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈւԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել Արցախի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր:

«Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել», — հավելել է ԱԳ նախարարությունը, ընդգծելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նաև կրահերթեր է բացել Արցախի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest