2022 թվականի հուլիսի 17-ին այրվածքներ ստանալու հետևանքով հուլիսի 26-ին մահացած  ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանն երեկ պետք է ավարտեր զինվորական ծառայությունն ու վերադառնար տուն։ Նա Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա, որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում բռնկված հրդեհից էր զոհվել։ Երեկ զոհված զինծառայողի հարազատները որպես բողոքի նշան փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը՝ վարչապետից և պաշտպանության նախարարից պահանջելով գալ Ազատան։

Պալյան Պողոսյանի ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն, դժբախտ պատահարից յոթ ամիս անց նրանից որևէ մեկը միակ որդուն կորցրած ծնողներին չի ընդունել։

«18 տարի թագավոր եմ պահել, տվել, պետությանը, ո՞ւր է իմ երեխեն։ Ծնողին լսելու ընդունակություն չունեն իրենք, որ հարց տաս, պատասխանեն քո հարցին։ Ես ընդամենը հարց ունեմ, ես ոչ մեկին չեմ վիրավորում, դու եթե ի վիճակի չես իմ հարցին պատասխանելու, ինչո՞ւ ես պաշտպանության նախարար, էսօրվա օրը ձևականորեն ելել-ընկել ես զորամասերը, ժողովրդի աչքին թո՞զ ես փչում, իմ տունը քանդեցիր, հերթով մյուսներին էլ կքանդե՞ս»,-ասաց Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։

«Վերին աստիճանի անտարբերություն, կարծես ոչինչ չի եղել, այսօր իմ երեխես տուն պիտի գար, քրեական գործը տեղից չի շարժվում։ Իմ բողոքը Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի դեմ է, էս երկուսը պիտի պատասխան տան, իրենք պիտի դատվեն։ Նիկոլ Փաշինյանը իր երթը էստեղից է սկսել, էստեղից էլ պիտի ավարտի, ես խոստանում եմ։ Սուրեն Պապիկյանից զանգի եմ սպասում, էդքան խնդրեցի, չհանդիպեց իմ հետ, անմարդկային վերաբերմունք է։ Ոչ մեկը չի կարող իմ դիմաց կանգնի, հենց Սուրեն Պապիկյանը պիտի պատասխան տա՝ ինչո՞ւ էսօր իմ երեխեն տուն չի գալիս, որպես Հայաստանի քաղաքացի՝ ես քեզ էսքան ժամանակ խնդրել եմ, ասել եմ՝ եկեք հանդիպենք, հասկանամ ի՞նչ է եղել, իմ երեխեն պոստի վրա է եղել, ծնողին բացատրություն չտաք՝ ի՞նչ է եղել»,- ասաց Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

Ջիվան Պողոսյանը Forrights.am-ի հետ զրույցում նշեց, բողոքի ակցիան դադարեցրել են և ճանապարհը բացել են, քանի որ իր հետ կապ են հաստատել ՊՆ-ից և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու հստակ օր նշել։

Ավելի վաղ, Պալյանի ծնողները Forrights.am-ին տված հարցազրույցում պնդել էին, որ իրենց որդին զոհվել է հրամանատարական կազմի անտարբերության պատծառով։ Ըստ նրանց՝ Պալյան Պողոսյանը այրվածքներ ստանալուց հետո 5-6 ժամ մնացել է դիրքերում՝ առանց համապատասխան բուժօգնության։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։  Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ուեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-մեզ հետ զրույցմ ասել էին ծնողները՝ ավելացնելով, որ Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest