«Ամերիկայի ձայնը» գրում է․

Իրավագետներն ու վերլուծաբանները շարունակում են արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության ցուցաբերումը միջազգային դատարանին՝ միմյանց միջև տարաձայնությունները կարգավորելու համար, հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ ի պատասխան Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման։ Դյուժարիկը տեղեկացրել է, որ Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումներն այս առումով՝ հիշեցնելով դրանց կատարման պարտադիր բնույթը:

Լաչինի միջանցքի մասին միջազգային դատարանի վճիռների կապակցությամբ արձագանքել է նաև Ֆրանսիան: Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը «ի գիտություն է ընդունել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 22-ի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը»: Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի դատարանին և ևս հիշեցնում վեջինիս որոշումների կատարման պարտադիր բնույթի մասին։

Իրավապաշտպատ, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիա»-ի համահիմնադիր Էվելինա Օչաբն ամերիկյան հայտնի «Forbes» ամսագրում «Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ճանապարհային արգելափակումը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ վերոհիշյալ զարգացումներին: Նա մանրամասն ներկայացրել է դատարանի ընդունած որոշումը, ըստ որի՝ Բաքուն իր ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն միջանկյալ այս փուլում պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների անխափան փոխադրումը: Իր հոդվածում Էվելինա Օչաբը շեշտում է՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Ադրբեջանը կկատարի այս վճիռը, թե ոչ։ Ըստ նրա՝թեև դրա կատարումը պարտադիր է, այնուամենայնիվ, միջազգային դատարանն այն ի կատար ածելու միջոցներ չունի։

Իր հերթին, ՄԱԿ-ի իրավական խորհրդատու, մարդու իրավունքների գծով փաստաբան Շեյլա Փայլանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կայացրել է իր որոշումը, և այժմ անհրաժեշտ է ժամանակ տրամադրել, որպեսզի Ադրբեջանը իրականացնի այն: Հասկանում եմ հայկական կողմի ահազանգները հրատապության մասին, քանի որ գործ ունենք ընթացող հումանիտար ճգնաժամի հետ, նշում է իրավագետը՝ընդգծելով, սակայն՝ վճռի իրականացման համար դեռ քիչ ժամանակ է անցել, և միջազգային համակարգն այս պահին անում է իր գործը՝ արձակելով այս վճիռը:

«Անհրաժեշտ է գտնել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու դիվանագիտական կամ քաղաքական ուղիներ, որպեսզի վերջինս հարգի այս վճիռը: Իրավական հետևանքները չեն կարող լինել այս պահին, քանի որ դեռ վաղ է խոսել դրանց մասին»,- պնդում է Փայլանը:

Pin It on Pinterest