Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, բռնարարին ու զոհին միմյանցից հեռու պահելու նպատակով կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ, բռնարարի ու զոհի ոտքին կամ ձեռքին կամրացվեն համապատասխան սարքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկը անհետաձգելի միջամտության որոշումներն են, երկրորդը՝ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշումները: Առաջինի դեպքում ոստիկանության ծառայողի կողմից համապատասխան որոշում է կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառվում է դատական կարգով:

«Նախագծով առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետև միջազգային պրակտիկան թույլ է տալիս նշել, որ հատկապես ընտանիքում բռնության զոհ դարձած անձանց դեպքում, եթե կիրառվել է անհետաձգելի միջամտության կամ պաշտպանության մասին որոշում, այս դեպքում շատ ավելի հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ: Սա պրակտիկորեն ենթադրում է, որ բռնարարի, նաև զոհի մոտ պետք է տեղադրվի էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն կուղարկի իրավասու մարմնին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այսպիսի փորձ բավականին արդյունավետ կերպով իրականացրել են Կանադան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Իսպանիան:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե դա ինչպե՞ս է աշխատելու, ոստիկանության աշխատողներն ինչպե՞ս են ստանալու ահազանգը: Փոխնախարարն ասաց, որ բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կամրացվի, բռնության զոհի մոտ ևս համապատասխան սարք կտեղադրվի, որպեսզի մոտենալու դեպքում հնարավոր լինի ազդակ ստանալ: Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:

Էլեկտրոնային հսկողության սարքը չի կիրառվի հենց առաջին խախտման դեպքում: Դա կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո 1 տարվա ընթացքում անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Այսինքն՝ խոսքը կրկնակի խախտման մասին է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությամբ: Փոխնախարարը հայտնեց, որ ընտանիքում բռնության գործադրման հետ կապված 2022 թվականին ստացվել է 1547 հաղորդում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest