Այսօր վաղ առավոտյան, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն:

Հայաստանի ոստիկանության փոխանցմամբ՝ ՌԴ քաղաքացին անցած տարվա դեկտեմբերի 20-ից հետախուզվում է Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից՝ վանդալիզմի համար։

Ոստիկանությունից միայն հաղորդեցին, որ նա գծային բաժին է տարվել, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին որևէ մանրամասն փոխանցել։

«Զվարթնոց» օդանավակայանի հերթապահ մասից «Ազատությանը» հայտնեցին, որ ձերբակալված քաղաքացին երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ըստ ռուսական ՕՎԴ ինֆոյի՝ հենց ինքը՝ Նիկիտա Կամեսկին է իրենց տեղեկացրել, որ ձերբակալվել է Երևանում։

Ռուսական մամուլից տեղեկանում ենք, որ Կամեսկիի նկատմամբ դեռ հուլիսին են գործ հարուցել՝ Մոսկվայի մետրոյի «Տիմիրյազևսկայա» կայարանում հակապատերազմական գրություններ անելու համար։ Այդ ժամանակ իրավապահները նրան հարցաքննել են, ավելի ուշ՝ խուզարկել բնակարանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։

Ռուսակական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմը քննադատող ավելի քան 450 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest