Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել «Սուրմալու»-ի տնօրենի ձերբակալության վերաբերյալ։

«Երևանի պահածոների գործարան» ընկերության տնօրեն Իրինա Մադաթովան, ըստ իրավապահ կառույցի, կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ:

Մասնավորապես, 2019-ի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը նա կազմել է կեղծ հրաման, որով իր՝ որպես ընկերության տնօրենի՝ «Երևանի պահածոների գործարան»-ի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019 թվականի փետրվարի 1-ից փոխանցվել է ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրենին՝ դրանով իրեն ազատելով կենտրոնի պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և դրանց խախտման արդյունքում առաջացած հետևանքների համար նախատեսված պատասխանատվությունից:

Բացի այդ, դատախազությանը հայտնում է, որ 2012 թվականից հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն՝ նա խախտել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններ:

«Ի.Մ.-ն նաև չի ապահովել օրենսդրությամբ սահմանված և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների և շինությունների տեղաբաշխումը, չի մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս», — նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն 16 մարդու, այդ թվում՝ 1 երեխայի, կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից ավելի քան կես տարի անց ձերբակալվել է կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։

Ողբերգական պայթյունի գործը նախաքննության փուլում է։ Գործով ևս 4 մեղադրյալ կա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest