Վարչական դատարանը սկսել է մերժել պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների դեմ ոստիկանության կողմից ներկայացված հայցերը: Ոստիկանությունը ՀՀ Վարչական դատարան մի քանի տասնյակի հասնող հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ 2022-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարգը խախտելու և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար:
Մասնավորապես, ոստիկանությունը դատարանից պահանջում էր տուգանք նշանակելով պատժել զոհված զինծառայողների ծնողներին կամ նրանց հարազատներին, որոնք իրենց բնորոշմամբ, չէին ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը պահպանելու մասին պահանջներին և բերման էին ենթարկվել ոստիկանության բաժիններ:
Այս տարվա սկզբին Վարչական դատարանում մեկնարկել էին ոստիկանության հայցի քննությունները: Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, օրերս մերժել է «Եռաբլուրում» միջադեպի մասնակից Բագրատ Ուզունյանի դեմ ոստիկանության հայցը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, հարազատները խաղաղ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ՀՀ վարչապետը և պաշտոնատար անձինք չմոտենան իրենց որդիների շիրիմներին: Սակայն ոստիկանության ծառայողները (կարմիր բերետավորները) փորձել էին խոչընդոտել ծնողների ակցիան և բռնի ուժ էին գործադրել խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ:
«Դատարանի որոշումը ցույց է տալիս, որ ոստիկանության պահանջն անհիմն էր, իսկ գործողություններն անօրինական էին», -մեզ հետ զրույցում ասում է զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը:
Վարչական դատարանում 12 ծնողի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանն ասում է՝ սպասված որոշում էր, քանի որ ոստիկանության ներկայացրած հայցի հիմքերը խարխուլ էին:
«Նիստերի ընթացքում մենք ամբողջությամբ հիմնավորել ենք, որ ոստիկանության ներկայացրած հայցն անհիմն է: Այնտեղ հիմք չկար, որ դատարանն այլ կերպ վարվեր», —Forrights.am-ին ասում է փաստաբան Հարությունյանը:
Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, անդրադառնալով գործով պարզված փաստական հանգամանքներին, գտել է, որ դատարան ներկայացրած ապացույցները բավարար չեն՝ եզրակացնելու, որ Բագրատ Ուզունյանը 2022-ի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իրականացրել է բողոքի ակցիա, և երբ նրան ներկայացվել է օրինական պահանջ, նա չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը։
«Գործով հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ Բագրատ Ուզունյանը վաղ առավոտյան՝ մինչև ժամը 07։15 րոպեն, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրականացրել է հանրահավաք, ինչպես նշվել է հայցադիմումում», -նշել է դատարանը իր որոշման մեջ ու վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը ընդգծել՝ ինքնաբուխ հավաքների համար իրազեկում չի պահանջվում։
«Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորը ոստիկանության կողմից ներկայացված պահանջը հայցադիմումով պայմանավորել է «հասարակական անվտանգության պահպանմամբ և հասարակական կարգի պահպանության անվտանգությունից ելնելով»։
Մինչդեռ հայցվորի կողմից, նախ, չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Բագրատ Ուզունյանը ենթադրյալ հավաքին մասնակցել/կազմակերպել/իրականացրել է, ինչով որևէ կերպ սպառնացել է «հասարակական անվտանգության պահպանմանը» կամ «հասարակակակն կարգի պահպանման անվտանգությանը»։ Ավելին, ապացույց չներկայացնելուց զատ հայցվորը, բավարարվելով հայցադիմումում ընդհանրական և վերացական ձևակերպումներ նշելով, չի մասնավորեցրել, թե Բագրատ Ուզունյանի կողմից թույլ տրված և հատկապես ո՛ր գործողություններն են վտանգել հասարակական կարգը», -նշվում է դատարանի որոշման մեջ։
«Սա նշանակում է, որ որևէ իրավախախտում թույլ չի տրվել, որի հիման վրա անձին կարող էին ենթարկել վարչական պատասխանատվության», -բացատրում է փաստաբանը:
Նրա խոսքով, ոստիկանության կողմից բացառապես նույն հիմքով շուրջ 40 հայց է ներկայացել ՀՀ վարչական դատարան և բոլոր այդ հայցերին նույն ճակատագիրն է սպասվում՝ մերժվելու են:
«Լրիվ նույն հիմքն է ու բոլորն էլ մերժվելու են», -նշում է փաստաբանը:
Մարտի 7-ին կհրապարակվի Գարիկ Գալեյանի դեմ հայցի վերաբերյալ որոշումը:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: