Այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, քիչ առաջ սկսել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննությունը: Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Նրա գործն առնչվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի դրվագներից մեկին: Մասնավորապես, ըստ այդ գործի` Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր:

Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:

Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը: Գրիգորի Խաչատուրովը երեկվանից ձերբակալված է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest