ՀՀ Զինված ուժերի գեներալ-մայոր, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ հարուցված վարույթի շրջանակներում: Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննարկում է նրան կալանավորելու մասին միջնորդությունը:

«Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը առնչվում է փողերի լվացմանը և Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի մեջ մտնող քրեական գործերից մեկն է: Մեղադրանքը Ազգային ժողովում հնչած միջնորդության դեպքի հանգամանքների ոչ մի առնչություն չունի: Այսինքն՝ այնտեղ պաշտոնեական դիրքը օգտագործելով վնասի մասին է խոսքը, իսկ այս դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում», -այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբանի խոսքով, գործի վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր կա, խոսքը մոտավորապես 14 տարվա մասին է. «Մոտավորապես 14 տարի և մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ դեպքում 15 տարի է վաղեմության ժամկետը»:

Փաստաբանը նաև վստահեցրել է, որ Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չունի այդ գույքը ձեռքբերելու հետ:

Լրագրողը հետաքրքրվել է՝ եթե նա առնչություն չունի գույքի հետ, ապա ինչպե՞ս է գույքի գրավադրում կատարել, ինչին Ենոքյանն արձագանքել է. «Այդ 18 միլիոն վարկային գիծը տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, այսինքն՝ Վանաձորում Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով 18 միլիոնի վարկային գիծ է տրամադրված եղել: Հետո այս գույքը որպես գրավի լրացուցիչ միջոց պահանջվել է բանկի կողմից: Դա չի կարող որակվել որպես փողերի լվացում»:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով զրկել երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից: Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդության մեջ շոշափվում էր նաև Գրիգորի Խաչատուրովի անունը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest