Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր վաղ առավոտից բողոքի ակցիաներ էին իրականացնում նախ՝ պաշտպանության նախարարության, այնուհետև՝ կառավարության շենքի դիմաց, պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը պարզաբանեց, որ ծնողները ցանկանում են հենց վարչապետից տեղեկանալ կառավարության նիստում հայտնած վարկածների վերաբերյալ մանրամասներ։ «Ծնողները ցանկանում են իմանալ, որտեղի՞ց վարչապետին կառավարության նիստի ընթացքում հայտնած տեղեկությունները և ինչո՞ւ է այդ տեղեկությունից հետո վերջին մեկ ամսվա ընթացքում տրամագծորեն հակառակ տեղեկություններ դրվել շրջանառության մեջ։ Բնականաբար, ծնողները ներկայացնելու են իրենց կասկածանքները, թերահավատությունը վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ։ Ի վերջո, ծնողները փորձում են հասկանալ իրենց կորցրած երեխաների մահվան հանգամանքների մասին»,- հավելեց Նորիկյանը։
Վարչապետը սակայն, բողոքի մասնակից ծնողներին չընդունեց, փոխարենը կառավարության դիմումների ընդունման բաժնից ընդունեցին յուրաքանչյուր ընտանիքից մեկական ներկայացուցչի։
Մահացած զինծառայողներից վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը կառավարության շենքից դուրս գալուց հետո հայտարարեց, թե պահանջել են իրենց ներկայացնել ԴՆԹ անալիզների պատասխանները։ «Ասեցինք, որ մեզ կարճ ժամանակում պետք է տրամադրեք ԴՆԹ անալիզների պատասխանները, և մեզ ասեք, թե կոնկրետ ինչ է եղել՝ սկզբից մինչև վերջ՝ ոնց են երեխեքը քնել, երբ են քնել, ոնց են այրվել, ով է ընդեղից հանել, ում հրամանով», -կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրենց պահանջները լրագրողներին ներկայացրեց Գրիգորյանը։
Նրա խոսքով, խոստացել են, որ առաջիկայում հանդիպում կլինի վարչապետի ու Սուրեն Պապիկյանի հետ։
Զինծառայողի պապիկն ասաց, որ մեկ ամսից աելի է՝ իրենց հետ որևէ մեկը չի հանդիպել, չի ներկայացրել քրեական վարույթից մանրամասներ։ Նույնիսկ հարցաքննության չի մասնակցել։
Մահացած զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հորեղբոր համար շատ հարցեր են մութ մնացել որոշ ցուցմունքներից հետո հրդեհի հանգամանքների մասին, սակայն դրանց պատասխանող չկա։ «Կապիտանն իր ցուցմունքում ասում ա՝ ես գոռացել եմ դուրս եկեք, արթնացրել եմ, բայց նման բան չկա, ո՞նց ա հնարավոր քսան րոպե գոռալ, բայց էդ տղերքը զինվոր տղա են, մարզված տղա են դուրս չգան սենյակից։ Դուք պատկերացրեք՝ կալիդորում 20 րոպե կրակ լինի, սալդատ տղա էին ո՞նց կարային էդ ժամանակում սենյակից դուրս չգային, ո՞նց կարային քնած մնային», -հարցեր է բարձրացնում Գագիկ Բարսեղյանի հորեղբայրը։
Ծնողները դիտարկում են ցանկացած վարկած՝ ընդհուպ մինչև ադրբեջանական դիվերսիա, դիտավորյալ սպանություն։
«Վարչապետը նիստի ժամանակ կոնկրետ ասեց ինչ ա եղել, ոնց ա եղել ու ասեց, որ առանձնապես քննարկելու կամ պարզելու բան չկա, ամեն ինչ պարզ ա։ Ի՞նչն էր պարզ, ինքն ընդեղ ա եղե՞լ, որ ասում ա պարզ էր։ Մենք ենք դեպքից մեկ ամիս անց գնացել դեպքի վայր իրեղեն ապացույցներ գտել։ Իրանք պետք ա ընդեղից ոչ մի բան բաց չթողնեին։ Էդ տարածքը պետք ա ոչ մեկի համար հասանելի չլիներ, բայց ով ասես մտել ա, ինչ ասես արել ա», -ասում էր ծնողներից մեկը։
Դիտարկմանը, թե պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջ է հնչում, փաստաբան Նորիկյանը արձագանքեց․ «Քաղաքական ու քրեաիրավական պատասխանատվության հարցերը պետք է տարանջատել, պետք է հասկանալ՝ բանակում կատարվողի համար ո՞վ պետք է պատասխան տա։ Պաշտպանության նախարարը իր ոլորտի պատասխանատուն է, եթե իր ոլորտում տեղի է ունեցել նման ողբերգական դեպք, պատասխանատվություն միանշանակ առկա է։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել զինված ուժերում արդյունք է սխալ կադրային քաղաքականության, ոչ պրոֆեսիոնալիզմի, կանոնակարգային հարաբերությունների բացակայության։
Կապիտանը ինչո՞ւ է եղել այնտեղ, ըստ տված ցուցմունքի ընկերոջ հորդորով։ Եթե կանոնակարգերը աշխատեին, նա չէր լինի այնտեղ։ Սա ձախողված կառավարման հետևանք է»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: