«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն օրեր առաջ անդրադարձել էր Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի բնակիչ Գևորգ Գևորգյանի ահազանգին։ Ըստ 64-ամյա Գևորգյանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված մարտերի ժամանակ զոհված որդու գերեզմանի տարածքը դարձել է վեճի առարկա համաքաղաքացիներից մեկի ցանկությունների պատճառով։ Բանն այն է, որ այդ քաղաքացին հայտարարում է, թե գերեզմամններ տանող ճանապարհը և հուղարկավորությունների համար նախատեսված որոշակի տարածքներ, իր սեփականությունն է։

Այս թեմայի վերաբերյալ Forrights.am-ը մեկնաբանություններ է խնդրել Հրազդանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանից։ Վերջինս պարզաբանեց, որ նշյալ քաղաքացին այդ տարաճքում 400 քմ հողատարածք ունի, որը, սակայն, չի ներառում ոչ հուղարկավարությունների համար նախատեսված տարածքը, ոչ էլ գերեզմաններ տանող ավտոճանապարհը։  «Այդ լայն տարածքը, որը նկարահանել եք,  ամբողջությամբ համայնքային է, իսկ Սերյոժան (տարածքային պահանջներ ներկայացնող քաղաքացին, -հեղ․), որ վեճ է սարքել, ներքևում մի փոքր հողակտոր ունի, որը գերեզմանատարածքից դուրս է»,-ասաց Մայիս Պողոսյանը։

Համայնքապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տվյալ քաղաքացին տարածքը սեփականաշնորհելու փորձեր է արել՝ ցանկապատման միջոցով, բայց դրանք հեռացվել են։

«Օրենքով և բարոյական տեսանկյունից նա իրավունք չունի որևէ տարածքի հավակնել։ Շիրիմ տանող ճանապարհում ինքը ինքնակամ ցանկապատել էր, մենք օրենքով սահմանված կարգով՝ համայնքի ղեկավարի հանձնարարականով, ճարտարապետական բաժնի աշխատակիցները գնացել, քանդել են»,-ասում է Մայիս Պողոսյանը և նշում․

«Իմ տեղեկություններով այդ տարածքը գերեզմանի համար տարածք է, Սերյոժան այդտեղ հող չունի, իրեն տարածք չի հասնում։ Ինքն այդ տարածքում փայտից ցանկապատներ է դնում, բայց քանդվում է»։

Նշենք, որ մենք թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Սերյոժայից, սակայն, նա հրաժարվեց հարցերի պատասխանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գևորգ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե մտավախություն, ունի՝ երբ որդու գերեզմանաքարը տեղադրի, համաքաղաքացին կգա և կկոտրի։ Համայնքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ իրենք նման իրավիճակ թույլ չեն տա, քանի որ այն անընդունելի է։

«Մահանալուց հետո գերեզմանոցը մարդու երկրորդ տունն է։ Ինձ ասում է՝ տար էրեխուդ վերևը թաղի, բայց ինչո՞ւ պետք է ինքն ասի, ինքն ո՞վ է, որոշո՞ղ է։  Յոթի օրը եկա, տեսա տղայիս գերեզմանի վրա արմատուրա է տնկել։ Լրիվ անօրինական է, ոչ մի փաստաթուղթ չունի։ Բոլորն ասում են, որ սա համայնքի հողն է, բայց բոլորին միլիցայություն է տվել»,- ասել էր հայրը։

Նշենք, որ Գոռը 33 տարեկանում է զոհվել, երեկու երեխա ունի։ Նա մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին։ Քարվաճառը հանձնելուց հետո ծառայությունը շարունակում էր Ջերմուկում։ Գոռն արձակուրդում է եղել, երբ թշնամին հարձակվել է, սակայն, տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո մեկնել է դիրքեր։ Զոհվել է սեպտեմբերի 14-ին հայտարարած հրադադարից հետո։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest