Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացությունների դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ։ 2022 թվականին, ըստ ՀՔԱՎ գրասենյակի, ոչ պատերազմական գործողությունների հետևանքով մահացել է 64 զինծառայող։  Փաստաբան, ՄԻՊ Զինծառայողների իրավունքների հարցերով նախկին տեղակալԱրմեն Գրիգորյանի խոսքով՝ շատ կարևոր է ուսումնասիրել հրամանատարության պատրաստվածությունը և բարոյահոգեբանական իրավիճակը, որպեսզի խնդիրները լուծվեն, իսկ դժբախտ պատահարները բացառվեն։

«2020 թվականից հետո հայտնի չէ՝ հրամանատարական կազմը ինչ-որ հոգեբանական օգնություն ստացե՞լ է, թե՞՝ չէ։ Մինչև պատերազմական իրադարությունը դեպքերը տեղի էին ունենում բանակում, բայց պատերազմից հետո շատ կարևոր նշանակություն ունի հրամանատարական կազմի հոգեբանական վիճակի գնահատումը և վերագնահատումը։ Բացի նյութաիրավական ապահովումից, որը շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի դժբախտ պատահարները կանխվեն, բացի ուսուցանումը զինծառայողների, որպեսզի համապատասխան իրավիճակներում կարողանան ճիշտ քայլեր ձեռնարկել, շատ կարևոր  նշանակություն ունի այս ամենի ուղորդումը հրամանատարական կազմի կողմից»,-ասաց նա։

Զինված ուժերում տեղի ունեցած զորանոցի հրդեհի դեպքը, որը 15 զինվորի մահվան պատճառ դարձավ, բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Զինվորների հարազատները, զինծառայողների խնդիրների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններից ոմանք պաշտոնական վարակածը միանշանակ չեն ընդունում։ Արմեն Գրիգորյանը կարևորում է դեպքերի առնչությամբ հանրությանը պարբերաբար բավարար տեղեկատվության տրամադրումը։

«Շատ կարևոր է, որ հանրային հնչեղություն ստացած գործերով հանրությունը շարունակաբար իրազեկվի պատճառների մասին, եթե դա զինվորական գործին վնաս չի տա։ Եթե խոսում ենք վերջին դեպքի մասին՝ հրդեհի մասին, այս մասին հանրությունը պետք է տեղեկանա։ Եթե վերադառնում ենք զինված ուժերի՝ որպես փակ համակարգի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության կարևորությանը, մարդիկ պետք է իմանան՝ ո՞ւր են գնում ծառայելու կամ իրենց երեխաներն ուրեն են գնում ծառայելու, ինչ խնդիրներ կան։ Հետո վերահսկեն, թե դրանից հետո ինչ միջոցներ են ձեռնարկվում այլ վայրերում նման խնդիրները բացառելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գրիգորյանը շեշտելով, որ բացթողումների, սխալների համար պատասխանատու անձիք պետք է պատասխանատվության, պատժի ենթարկվեն, ինչը կարևոր կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա։

Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու մասին իշխանությունները հայտարարել էին դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ճանապարհային քարտեզ, որում նաև բանակի բարեփոխումներն էր ներառված։ Այնուհետ, կառավարությունը բարեփոխումների հանձնաժողով ստեղծեց պաշտպանության նախարարի նախագահությամբ, սակայն, առ այսօր հայտնի չէ, թե այդ հանձնաժողովը քանի՞ նիստ է գումարել ու ինչ որոշումներ է կայացրել։ Իշխանությունները որպես բարեփոխների իրականացման ծրագիր հայտարարել են զինվորականների աշխատավարձի բարձրացման մասին՝ ատեստավորումից հետո և բնակարանային պահովումը։ Բանակում առկա միջանձնային խնդիրների կարգավորման մասին որևէ բան չի ասվում։

Արմեն Գրիգորյանը իշխանությունների քայլերը բավարար չի համարում՝ առկա խնդիրների լուծման համար։

«Այն անհազանգները, որոնք լսում ենք կարող ենք եզրակացնել, որ պետության, պաշտպանության գերատեսչության ձեռնարկած գործողությունները բավարար չեն, որովհետև կան խնդիրներ, որոնք կրկնվող են, կան խնդիրներ, որոնք մեզ հայտնի են բավականին տևական ժամանակ։ Դրանք նոր չեն, որպեսզի մենք հիմնավորենք կամ արդարացնենք չիմացությամբ, անսպասելի կերպով այդ խնդիրներն առաջ գալու փաստարկով։ Հանրությունը ձեռնարկված միջոցները գնահատում է արդյունքների, հետևանքերի հետ համադրելու մեթոդով, այլ մեթոդ չունենք։ Տեսնում ենք այն դեպքերը, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները պետք է նաև իրավապահ մարմինները տան իրենց քննության արդյունքով»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest