Հայ մամուլը գրում է, որ երիտասարդ եւ հեռանկարային գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բենեֆիսն անհաջող ստացվեց․ երկար պատրաստած՝ ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական իմունիտետից զրկելու մասին միջնորդությունները համոզիչ եւ հիմնավոր չէին։ Ու թեեւ միջնորդությունները ընդունվեցին, սակայն հակակոռուպցիոն գործերի քաղաքական բնույթն էլ ավելի ընդգծվեց։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու՝ հասարակության համար ընդունելի լոզունգներից էր՝ «նախկիների կողմից թալանվածը վերադարձնելու» թեզը։ Քաղաքական ուղղվածությունը դեպի կոնկրետ խումբ՝ «նախկիններ» կասկածանքներ էր առաջացնում, սակայն ընրողները մեծամասամբ սատարում էին այդ թեզին։

Փաշինյանի կառավարությունը մի քանի շոու կազմակերպեց, հատկապես հուզիչ էր գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկումը։ Նման շոուներով Փաշինյանի կառավարությունը փորձում էր ոչ միայն քաղաքական հետապնդումների մանդատ ստանալ ժողովուրդից, այլեւ վերջնական վարկաբեկել այն ուժերը, որոնք հավակնում են իշխանության։

Սակայն այն ժամանակ էլ մասնագետները ասում էին, որ կոռուպցիոն գործերի բացահայտումը չափազանց դժվար գործ է, եւ դժվար թե հաջողվի թալանածը վերադարձնել։ Եւ թեկուզ առերեւույթ թալանի փաստերն ակնհայտ են, սակայն այս 5 տարիների ընթացքը ցույց է տվել, որ գրեթե ոչ մի գործ չի հասել դատարան, գույք գրեթե չի առգրավել, եւ հակակոռուպցիոն գործողությունները վեր են ածվել քաղաքական հետապնդման։

Փետրվարի 9-ին Ազգային ժողովը հավանություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:

Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության՝ Արմեն Չարչյանը, 2017-ին ընդգրկված լինելով հանրությանը ՊՊԾ գնդի գրավումից հետո «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության կեղծ եզրակացություն:

Դրանից մեկ օր առաջ՝ փետրվարի 8-ին Ազգային ժողովը տվեց համաձայնություն ՀՀ գլխավոր դատախազությանը հետապնդում հարուցել Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար ԱԺ է ներկայացվել երեք միջնորդություն, որից մեկը՝ գաղտնի:

Փետրվարի 10-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթի մասին և տեղեկացնում, որ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այս պահի դրությամբ տարբեր գործերով մեղադրանքներ են առաջադրված նախկին նախարարներ Դավիթ Տոնոյանին, Վիգեն Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին, Սերժ Սարգսյանին և Վազգեն Մանուկյանին։

Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու գործով։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրված մի քանի գործերով, այդ թվում՝ մարտի 1-ի, գույքի վատնման և զորամասի վաճառքի գործերով։

Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրված մարտի 1-ի գործով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված դիզելի և կաշառքի գործերով։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրված իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու գործով։

Նկատենք, որ պաշտպանության նախարարներին ըստ էության մեղադրանք չի ներկայացվում 2016, 2020 թ․ պատերազմների ժամանակ գործողությունների համար կամ սխալ պաշտպանողական քաղաքականության համար։

Հիշեցնենք նաեւ, որ մեծ աղմկով կալանավորված նախկին բարձրաստիճան անձանց ճակատագրին հանրությունը նույնիսկ չի հետեւում։ Մարդիկ հաստատ չգիտեն, «նստա՞ծ են» արդյոք դեռ Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանն ու այլոք։ Խոշոր գրավով կալանքից ազատված «նախկինները» աշխատում են չհիշեցնել իրենց մասին։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը։ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հրապարակե՛ք բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Նողկալի է:

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ», ասել է Վիգեն Սարգսյանն, որն Հայաստանում չի գտնվում։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest