Հունվարի 29-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը կայունացել է։ Ըստ որոշ տ վյալների, բժիշկները նրան անջատել են արհեստական շնչառության ապարատից։ «Դրական տեղաշարժ կա։ Այսօր խոսել են նրա հոր հետ», — Forrights.am-ին հայտնեց Տափերական գյուղի համայնքապետ Կարեն Խաչատրյանը։

Զինծառայողը՝ Ավետիս Արիստակեսյանը, հենց այս գյուղից է։ Ծառայում է Կապանի զորամասում։ Նրա հայրը՝ Համլետ Արիստակեսյանը , ասում է, որ որդին դեռ գիտակցության չի եկել, աչքերը փակ են, խոսել չի  կարող։

Հիշեցնենք՝  հունվարի 30-ին պաշտպանության նախարարությունը հատնեց, որ նախորդ օրը հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն, որը ծայրահեղ ծանր վիճակում է։ ՊՆ նախնական տվյալներով, պատճառը զենքի օգտագործման կանոնների խախտումն է եղել։ Իսկ քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Գործի շրջանակներում կալանավորված անձ կա։  Մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի դիրքի ավագի օգնականին։ Ըստ ՔԿ-ի, Արիստակեսյանը վիրավորում է ստացել «զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից»։

Դուք հավատո՞ւմ եք այդ վարկածին, որ ձեր որդու վրա միամիտ են կրակել։ «Ես ոչ մի վարկածի չեմ հավատում։ Մինչև որ իմ երեխան աչքերը չբացի, չխոսի, ես ոչ մի վարկածի չեմ հավատում։ Խնդրում եմ՝ բոլոր հարցերով դիմեք քննչականին, ես ի վիճակի չեմ հիմա խոսել», — ասաց զինծառայողի հայրը։

Մենք պարզեցինք նաև ավագի օգնականի անունը՝ Յուրի Խաչատրյան։ Նա ևս Արարատի մարզից է։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest