Հունվարի 26-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝  Կարեն Գասպարյանի գործով վերջին դատական նիստը, դատարանի վճռով՝ վերջինս արդարացվեց։ Այս մասին տեղեկացանք Ավետիք Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Գրիգորյանից.

«Ակնկալում էի, որ դատարանը Կարեն Գասպարյանին մեղավոր կճանաչեր, և կազատեր պատժի կրումից՝ վաղեմության ժամկետը անցնելու հիմքով: Փաստերը շատ խոսուն էին, իսկ կադրերը՝ տեսանելի, որոնք որևէ կասկած չէին թողնում, որ նման բան չի եղել»:

Հիշեցնենք՝ 2018թ. հուլիսի 8-ին Կարեն Գասպարյանը կնոջ և դուստրերի հետ «Վարդավառ»-ի տոնը նշելու նպատակով Երևանից մեկնել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց: Քանի որ այդ օրը «Վարդավառ» տոնն էր, մի խումբ երեխաներ դրսում  ջրում էին միմյանց: Գասպարյանը իր ավտոմեքենայով անցել է  հենց այդ հատվածով, երբ աղջիկը իր ձեռքին եղած տարայով ջրել է վերջինիս մեքենան: Փաստաբանի խոսքով՝ թեև Գասպարյանը իր ցուցմունքում նշել է, որ առվից ցեխաջրով են ջրել իր մեքենան, սակայն, տեսախցիկների տեսագրությամբ, ակնհայտ է, որ ջուրը պարզ է:

Գասպարյանը իջնելով մեքենայից, գոռգոռալով մոտեցել է երեխային, առվի մոտ ձեռքով սեղմել է երեխայի ծոծրակը ու փորձել գլուխը իջեցնել առվի մեջ, չի իջեցրել, որովհետև այդ պահին երեխայի հայրը՝ Ավետիք Սարգսյանը, լսելով աղմուկը, պատշգամբ է դուրս եկել և Գասպարյանից պահանջել թողնել զավակին և հեռանալ: Չհանդուրժելով իրեն կարգի հրավիրելու հորդորը՝ Գասպարյանը հայհոյել է Սարգսյանին, որին նա ևս հայհոյանքով է պատասխանել, վիճաբանությունն ավարտվել է ներկաների միջամտությամբ:

Նույն օրը իրեն հակադրվելու և «պատժվելու» համար Սարգսյանը հրավիրվել է Գասպարյանի ամառանոց: Վերջինա ամառանոց է գնացել եղբոր որդու՝ Ալեն Սարգսյանի և հարևանի՝ Շուռա Մելքոնյանի հետ միասին: Գասպարյանը Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հակադրվելու համար՝ շեշտելով, որ ինքը դրանից բավականություն է ստանում: Սարգսյանը ծնկի է իջել և ներողություն խնդրել, որից հետո նրանց բաց են թողել։

«Վկան՝ Շուռա Մելքոնյանը հետո ինձ առանձին ասաց, որ եթե Ավետիքը ծնկի չգար, իր կարծիքով, սպանելու էին, եթե հեղափոխությունը եղած չլիներ, ծնկի գալուց հետո էլ գնդակահարելու էին»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ Կարեն Գասպարյանը չէր ընդունում իրեն մեղսագրվող արարքը՝ ասելով, որ Ավետիքն է ծնկի իջել, իսկ ինքը հորդորել է վեր կենալ՝ չնայած տեսախցիկների և վկաների այն արձանագրությանը, որ Գասպարյանը մատով ցույց է տալիս, որ ծնկի իջնի.

«Այս պատմությունը ողբերգական հետևանքներ չունեցավ, բայց տեղի է ունեցել զազրելի արարք. 40-45 տարեկան մարդուն այն վիճակին են հասցրել, որ ծնկի է իջել և ներողություն է խնդրել, և վատագույնն այն է, որ այդ ամենից հետո այդ անձը և իր ընտանիքը չեն ընդունում, որ նման բան է եղել»,-նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Կարեն Գասպարյանը ի սկզբանե փորձել է կեղծել իրականությունը, մասնավորապես,  ըստ Գասպարյանի ցուցմունքի, դեպքի օրը՝ վեճի թունդ պահին,  իրեն է մոտեցել մեկը ու փորձել բաժանել կռվողներին՝ ասելով, «շառ են, շառ, պարոն Գասպարյան, գործ չունեք, ձեզ էլ գիտեմ, իրենց էլ, քշեք, գնացեք»:  Վարույթ իրականացնող մարմինը Գասպարյանի հիշատակած անձին հրավիրել է հարցաքննության, պարզվել է, որ այդ անձը ասել է՝ ինքը չի էլ իմացել, թե կռվողներն ովքեր են, ինքը ուղղակի վեճի մասնակիցներին է բաժանել:

Գործը հինգ տարուց ավելի է՝ դատարանում է։ Ուշացած արդարադատությունն ունեցել է և՛ իր օբյեկտիվ (դատարանների ծանրաբեռնվածությունը), և՛ սուբյեկտիվ պատճառները, որը ազդել է դատավարության ընթացքի վրա. վաղեմության ժամկետն անցել է.

«Ցավում եմ, որ այսքան ժամանակ անց այս գործը ճիշտ ձևով, ճիշտ լուծում չստացավ: Ես ունեմ այն ներքին համոզմունքը, որ եթե ստեղծվի նույն հնարավորությունը, նրանք (Գասպարյանը և մյուսները) նույն կերպ էլ կվարվեն»,-ասաց Գրիգորյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest