Կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ, հայտնում է գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության՝ սպան խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու օրենսդրության պահանջը, համաձայն որի, արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Դատախազության, վկայակոչելով Քննչական կոմիտեի ձեռք բերած տվյալները, նշում է, որ Ե.Հ.-ն, սեփական նախաձեռնությամբ, կացարանի ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

Ըստ գերատեսչության՝ նախարարության մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով, զինծառայողները ոչ միայն չեն կարողացել մարել հրդեհը, այլև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Արդյունքում, ինչպես դատախազությունն է նշում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով արդեն կալանավորվել են զորամասի հրամանատարի տեղակալն ու կոմունալ շահագործման ծառայության, հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest