Հունվարի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Այդ մասին Forrights.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նրա փոխանցմամբ, զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: «Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ», -ասց Թորոսյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բուժհաստատություն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջության վնասում», նախաձեռնվել է քրեական վարույթ: ՔԿ-ից հաղորդել էին, որ իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest