Հայաստանում քաղաքացիական դիտորդներ տեղակայելու մասին Եվրամիության որոշումից հետո Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը փորձագետների կողմից գնահատվել է որպես «աշխարհաքաղաքական բախման» հրահրման փորձ կամ սպառնալիք։

2020 թ․ պատերազմից հետո Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս որպես մենաշնորհ «միջնորդ եւ խաղաղապահ», թույլ չտալով այլ աշխարհաքաղաքական կենտրոնների մուտքը տարածաշրջան։ ԵՄ որոշումը՝ Ռուսաստանի «մոնոպոլ» իրավունքի առարկայական վիճարկում է, եւ հենց դա է առաջացրել ՌԴ ԱԳՆ հիստերիկ արձագանքը։

ՌԴ ԱԳՆ-ն բաց տեքստով կոչ է անում Ադրբեջանին ընդդիմանալ եվրոպական դիտորդների տեղակայմանը, խոստանալով ռուս խաղաղապահների օգնությունը Բաքվին։ ««ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները», — ասված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին: Դա փաստորեն վերջնագիր է։

«Համոզված ենք, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը», — նշված է հաղորդագրությունում։

Մոսկվան չի թաքցնում, որ եթե եվրոպական դիտորդները «քիթը խոթեն» ռուս խաղաղապահների եւ սահմանապահների «տարածք» /այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի ամբողջ տարածք/, ապա պատասխան կստանան։

Մեր տեղեկություններով, ԵՄ նախորդ՝ երկամսյա առաքելության ժամանակ եւս եղել է դեպք, երբ ռուս խաղաղապահները, որոնք ինչ-որ բան էին կառուցում Հայաստանի սահմանամերձ շրջաններից մեկում, թույլ չեն տվել եվրոպական դիտորդներըի մուտքն այդ տարածք։ Մի քանի օրվա բանակցություններից հետո միայն նրանք մտել են այդ տարածք։

ԽՍՀՄ քանդվելուց հետո Ռուսաստանը կարողացել է համոզել «միջազգային հանրությանը», որ հետխորհրդային տարածքը՝ ՌԴ բացառիկ հետաքրքրությունների տարածք է։ Աշխարհը ընդունում էր Ռուսաստանի «զոն նայողի» դերը, եւ այդ համատեքստում չի վիճարկել Ռուսաստանի՝ որպես «նայողի» դերը 2020 թ․Արցախյան պատերազմում։

Սակայն Ուկրաինա կատարած ներխուժումից հետո միջազգային հանրությունը բացահայտ մերժում է Մոսկվայի մենաշնորհ հավակնությունները հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ 2022 թվականի աշնանը դա արտահայտվել է բազմիցս՝ Ֆրանսիայի նախագահի եւ խորհրդարանի մեղադրանքները Ռուսաստանի ապակռուցողական գործնեության մասին, Շարլ Միշել-Մակրոն եւ Բլինքեն-Սալլիվան «զուգահեռ» նախաձեռնությունները, 2 ամսով եվրոպական դիտորդներ ուղարկելը Հայաստան, Եվրախորհրդարանի որոշումն՝ այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանի մոնոպոլիան ավարտվում է։ Խնդիրը կայանում է այդ մենաշնորհի վերացման վտանգների մեջ։ թեկուզ՝ հարց է, թե ի՞նչն է ավելի վտանգավոր՝ ՌԴ մենաշնորհի պահպանո՞ւմը, թե՞ վերացումը։

ՀՀ արտգործնախարարությունը չի արձագանքել ՌԴ ԱԳՆ սկանդալային հայտարարությանը, փոխարենը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ակտիվ հանդիպումնր է անցկացնում Բրուսելում՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գրասենյակներում։ Եվրոպական քաղաքագետները ասում են, որ Բերձորի փակման որոշումը կարող է Ալիեւի համար ճակատագրական դառնա, հատկապես, որ արդեն ակնհայտ է, որ այդ «օպերացիան» Բաքում իրականացնում է Մոսկվայի հետ համատեղ։

Ռուսաստանի հիստերիկ պահվածքին բավականին մեղմ է արձագանքել ԱՄՆ-ը։

«Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում Եվրամիության՝ տարածաշրջանում վստահության ամրապնդման եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստող ջանքերը»։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության մասին։

Սակայն նույնիսկ նման արձագանքը Մոսկվային ստիպել է «կառուցողական դաշտ» վերադառնալ։ Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին խոսել է բանակցույուններից։

Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկացրել ենք եւ՛ Երեւանին, եւ՛ Բաքվին, ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքի արգելափակումից հետո Արարատ Միրզոյանը հրաժարվել է մասնակցել Լավրովի հովանավորությամբ՝ Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը ինչը Մոսկվան ու Բաքուն որպես դեմարշ են գնահատել։ Արդյո՞ք Մոսկվայի «պատրաստակամությունը» նշանակում է, որ Բերձորի միջանցքի արգելափակումը «վատ գաղափար է» համարվել, եւ այն կփոխվի՞։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest