Դեկտեմբերի 3-ին առավոտյան «Մաշկաբանության ազգային կենտրոն» ԲԿ-ից փախուստի էր դիմել մի կալանավոր: Նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 41- ամյա Գասպար Պողոսյանն էր, ով ավելի ուշ իր նախաձեռնությամբ հանձնվել էր իրավապահներին: Գասպարի խոսքով, իր այս քայլի նպատակը ոչ թե արդարադատությունից խուսափելն էր, այլ ստիպելն էր, որ համապատասխան մարմինները վերջապես իրեն պատշաճ բուժմամբ ապահովեն:

«Արդեն իմ վրա վիճակ չկար: Ամբողջ օրը խաբում էին, ուրիշ  հիվանդանոց պետք է տանեին, բերում էին նույն հիվանդանոցը: Ես ունեմ Հեպատիտ Ց, զոբի խնդիրներ, լյարդի մեծացում կա, ողնաշարի խնդիր ունեմ: Այդ ամենը հաստատող փաստաթղթերն իրենց մոտ են: Արդեն երրորդ տարին է ինչ կալանավայրում եմ: Երեք տարի է դատերի մեջ եմ դեռ, տանում են դատերի` բերում են»,- պատմում է Պողսյանը:

Նրա խոսքով, ինքը բազմիցս բարձրաձայնել է իր սխալ բուժման մասին, սակայն դա որեւէ արդյունք չի ունեցել, ինչից հետո էլ  միտք է առաջացել, որ իր ձայնը լսելի կլինի այն դեպքում, երբ ինքը դիմի փախուստի, ապա հանձնվի ՀՀ Դատախազությանը.

«Փախել եմ Մաշկաբանականից: Այնտեղ պառկած եմ եղել: Իրենց տարածն է եղել: Իրենց բուժման հետեւանքով հիվանդություն էի ստացել: Դեղորայքից է եղել… Տարան Էրեբունի, մի դեղ նշանակեցին, այստեղ այլ դեղ արեցին, ոտքիս վրա կետ եղավ: Բժշկին ասացի` օրգանիզմս չի ընդունում: Ասաց, թե ինչ ես խոսում ու սրսկեց: Հետո մաշկային խնդիր առաջացավ, հինգ անգամ պսերիազի դեմ են բուժել, բայց սխալ բուժում է եղել»:

Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Բաբայանը մեզ փոխանցեց ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և Մաշկաբանության Կենտրոնից տրամադրված Գասպար Պողոսյանի էպիկրիզը։ Արձանգրվել է նրա մաշկային հիվանդությունը․վերջնական ախտորոշումը Քորպտիկ, իսկ հիվանդության ելքը բժիշկը նշել է լավացումը։ Բժիշկն արձանագրել է նաև Գասպար Պողոսյանի ուղեկցող հիվանդությունը՝ գեպատիտ C:

Պողոսյանը փախել էր հիվանդանոցի պետքարանի պատուհանից, ինչի ընթացքում ոտքի կոտրվածք է ստացել: Փախուստից հետո նա հանդիպել է իր միակ հարազատին` հորեղբորը, նրա հետ խորհրդակցելուց հետո գնացել է դատախազություն:

Մեր հանդիպման ժամանակ Գասպարը գտնվում էր Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում, սակայն այստեղի բուժմանը եւս չէր վստահում. «Իմ պահանջն այն է, որ ինձ բուժեն, ոչ թե այստեղ, այլ քաղաքացիական հիվանդանոցում: Իրենց բժիշկները ինձ չեն կարողանում բուժել, նրանց բուժումներից են իմ խնդիրները առաջանում»:

Թեեւ Պողոսյանը պնդում է, որ ինքնակամ է վերադարձել իրավապահների մոտ, ոստիկանությունը հայտնում է, թե փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է իրենց` ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի եւ այլ բաժինների, ինչպես նաեւ ազգային անվտանգության եւ քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Պողոսյանի խոսքով, փախուստի փաստի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, քանի որ բոլորը գիտեն, թե որն է եղել իր փախուստի իրական նպատակը։ Կալանավորը չի կորցնում իր հույսը, որ ի վերջո պատշաճ բուժում կստանա եւ կկարողանա վերականգնել իր քայքայված առողջությունը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest