Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցի՝ կապված պետքարտուղար Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հեռախոսազրույցների հետ, նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը  տարաձայնություններ ունեն։

«Հուսով ենք, որ այդ երկխոսության միջոցով հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ, և  դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ ինստիտուտների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն է։

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով առևտրային և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումներին: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն է՛լ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest