Տան առաստաղն իրենց գլխին փլվել է։ Ազատում զոհված տղաների ծնողների մի մասը այսօր հուղարկավորում էին երեխաներին։ Մաստարայի բնակիչ Բոլոդյա Ներսիսյանի հուղարկավորությանը մասնակցած նախկին համայնքապետ Սարգիս Ավետիսյանը տղայի մարմինը ուղեկցել է, եղել է Մարտունու դիահերձարանում։ «Վառված էին, չէր երևում, հագուստ կար, թե չկար տղաների վրա։ Այլ վնասվածքներ չկային», — ասում է Ավետիսյանը։

Թե ինչ փորձաքննություններ են նշանակվել, նա տեղյակ չի, որևէ որոշում ծնողներին չի տրվել։ «Դժբախտ պատահար էր, անփութություն ինչ-որ մեկի։ Հնարավոր է, իրոք, պաժառ է եղել, ուգառ են եղել, բոլորը քնած են մնացել, մի երկու հոգի էլ ուգառ չեն եղել, դուրս են եկել։ ՊԵտք չի մարդկանց նուրբ լարերին կպնել, իրավապահ մարմին կա, թող զբաղվի», — ասաց նա, անվերապահորեն հավատալով ՀՀ քննչական մարմիններին։

Աչաջրեցի սպորտսեն Պավել Աբազյանի հայրը՝ Վարդան Աբազյանը դեռ չի ներգրավվել որպես տուժողի իրավահաջորդ։ Արդեն անցել է 4 օր, բայց քննչակաը ծնողների հետ չի կապվել։

Պավել Աբազյանը այսօր զբաղված է որդու հուղարկավորությամբ։ Չուներ տրամադրություն խոսելու, սակայն բազմաթիվ հարցեր ունի քննչական մարմիներին։ Զինվորական դատախազության վարկածը, որն օրերս հրապարակայնացվեց քննիչ Էլիզբարյանի շուրթերով, թե կապիտանը 5 լիտրանոց բենզինի բալոնով կրակ է վառել ու հրդեհ հրահրել, նա «հեքիաթի պես մի բան» է համարում, հարցեր առաջացնող։

«Բոլորի մոտ հարցեր են առաջանում, բայց մենք առայժմ փաստեր չունենք սեփական հետաքննութուն կատարելու»։

Որպես տուժողի իրավահաջորդ նա չի ներգրավվել։ Ասում է, որ դիահերձմանը ներկա է գտնվել, նկատել է խոր այրվածքներ։ «Այլ վնասվածքներ տեսանելի չեն եղել»։ Վարդան Աբազյանը այլ հարցերի չպատասխանեց, և ասաց, որ սպասելու է քննության ավարտին։

Դեպքից անցել է 4 օր։ Պաշտոնական տեղեկությունները, տարածվող հաղորդագրությունները հակասում են մեկը մյուսին։

Դատախազության վարկածը հրդեհն է, որը բռնկվել է Ազատ գյուղի տներից մեկում՝ ինժեներասակրավորային վաշտի զորանոցի միջանցքում տեղադրված վառարանից։ Սպան, կոչումով՝ կապիտան, վառարանի կրակն ավելի թեժացնելու համար դրսի տարածքից բերել է պլաստմասե 5 լիտրանոց տարայով բենզին ու լցրել է վառարանի մեջ։ Բոցից ինքն այրվել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, ինչի հետեւանքով հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։

Նույն քննարկման ժամանակ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հայտնեց, որ տան ներսում եղել է 21 զինծառայող, որոնցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից։ «Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից», — ասել է ԱԻՆ գնդապետը։ Եթե սպան այրվել է, գոռացել է, տղաների մի մասը դուրս են փախել, ինչպե՞ս են 14 հոգի մնացել քնած։ Այս հարցի պատասխանը պաշտոնյաները չեն տալիս։

Քրեագետ, ռազմական փորձագետ և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, ուսումնասիրելով պաշտոնական հաղորդագրությունները, հարցեր ունի քննչական մարմիններին։

«Եթե ամենաուժեղ կրակը եղել է ելքի մոտ, ինչպես նկարագրում է դատախազության  ներկայացուցիչը, և բոլոր զինվորները գիտեն, որ դա միակ ելքն է տանից, ապա այսպես թե այնպես իրենք պետք է ինչ որ կերպ հասնեին դռանը, չէ՞, գոնե մեկը տղաներից։ Դատախազության ներկայացուցիչ Էլիզբարյանը ասում է, որ ինչ որ տղաներ դրսից կոտրել են պատուհանը, փորձելով օգնել դուրս գալ ընկերներին։ Բա այդ տղաները ինչո՞ւ չեն դուռը կոտրել։ Եթե նրանք դրսում են եղել,  ի՞նչ գիտեն, ներսում ուժե՞ղ կրակ է, թ՞ե ոչ։ Դուռը փակած չի եղել, չ՞է որ հերթապահը գնացել է, բենզին է բերել կանիստրով։  Ինչո՞ւ ոչ ոք դուռը չի բացել։ Երկրորդ՝ Էլիզբարյանից պետք է հարցնել, թե ինչո՞ւ նա պաշտոնապես չի հերքում ԱԻՆ ներկայացուցչի տեղեկությունը։ Եթե չի հերքում, նշանակում է՝ ինքն է սուտ խոսում»․ — ասում է փորձագետը։

Հիշեցնենք դատախազության ներկայացուցչի ելույթի հետևյալ հատվածը․ «Սպան գոռացել է, միջոցներ է ձեռնարկել զինվորներին հանելու համար, բայց մուտքն  արգելափակվել է, եւ նրանք դռնից դուրս գալու հնարավորություն այդ պահին չեն ունեցել։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող ժամկետային մի քանի զինծառայողներ, որոնք երկու ժամկետային զինծառայողների ճաղավանդակներով պատուհանից մի կերպ կարողացել են հանել։ Այնուհետեւ ծխի եւ մրի պայմաններում գործողություններ ձեռնարկել հնարավոր չի եղել, ահազանգվել է ԱԻՆ, հրշեջ ծառայություն, շտապօգնություն»։

«Եթե քնած են եղել, ո՞ նց են մի քանի հոգու փրկել, ու նրանք չեն արթնացրել ընկերներին», — հարցնում է իրավապաշտպանը։

Forrights.am-ի հարցին , թե հնարավոր եք համարում դիվերսիայի տարբերակը, Մարտիրոսյանը, որը բազմաթիվ զինվորական գործերով ներգրավված  է եղել որպես ներկայացուցիչ, պատասխանեց․

«Մենք հիմա կարելի է ասել, ոչ  մի տեղեկատվություն  չունենք։ Սակայն չեմ բացառում այդ վարկածը։ Չի բադացառվում, որ հրամանատարությունը, որպեսզի կորցնի իր հանցավոր անգործությունը, թաքցնի կատարվածը։ Սակայն դա կերևա միայն փորձաքննական եզրակացություններից ծանոթանալուց հետո։ Կարող եմ ասել նաև՝ քանի որ կա հակասություն պաշտոնական մարմինների հաղորդած տեղեկատվության մեջ, զոհվածների իրավահաջորդները իրավուքն ունեն պահանջել դեպքի վայրի լուսանկարները։ Ապօրինություն է այն, որ հունվարի 19-ից մինչև այս պահը ծնողներին չեն հայտնել, թե ինչ փորձաքննություններ են նշանակված իրենց որդիների մահվան գործով», — ասաց փորձագետը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest