Զանգեցի Ստեփանակերտ, առաջինը հարցրի՝ ոնց եք, լույսերն արդեն ունենք, ուրեմն ամեն ինչ լավ է, ժպիտով պատասխանեց Նորան։ Արցախում լույսի, գազի անջատումներ են, ուտելիքի պակաս կա, միրգ-բանջարեղենը երազանքի նման բան է դարձել, պատմում է նա, շրջափակումը մարդկանց զրկել է կյանքի բնականոն հունից։
«Եվ դա ամենաշատը փոքրիկ երեխաներն են զգում, որովհետև վիտամինի պակաս կա, և այսպես երկար շարունակվել չի կարող։ Փառք Աստծո, հացի, ալյուրի խնդիր չունենք ու, օրինակ, նուռ, արքայանարինջ ունենք, վիտամինները դրանցից ենք քաղում, իսկ այն սնունդը, որոնք կտրոնով են տրվելու, հնդկաձավարն է, բրինձն է, ձեթ-մակարոնեղենն է, որը չի կարող փոխարինել նորմալ սննդին, բանջարեղենին»։
Ասկերանից Լանայի հետ ավելի ուշ կապվեցի. լույսերն անջատել էին։ Ընդհանուր տրամադրությունն, ասում է, այդքան էլ վատ չէ, պարզապես անորոշությունն է, որ ստիպում է մարդկանց անհանգստանալ։ Փոքր երեխաներն են, որ չեն հասկանում իրավիճակը։ Հորեղբոր որդին վեց տարեկան է, ով Ձմեռ պապիկից միշտ խաղալիք է ուզել, այս անգամ բանան է ուզում.
«Երկու երեխա են, ինը տարեկանը բոլորիս լռեցնում է, որ ինքը լուրեր լսի, ինքն է ստիպում, որ լուրեր նայենք, իսկ վեց տարեկան երեխան դպրոց է ուզում հաճախել, չի համակերպվում, որ փակ է այս պահին, անընդհատ ասում է՝ մանդարին, բանան եմ ուզում կամ այս ինչ քաղցրն եմ ուզում, մենք ենք փորձում թխել, որ իր քաղցրի պակասը հագեցնենք։ Այդ ժամանակ երկուսով իրար մոտ են գալիս՝ անհամբեր սպասելով, թե երբ է թխվածքը պատրաստ լինելու, որ փորձեն»։
«Երբ գազ ու լույս չի լինում, ստիպված քնում ենք, ցուրտ է»
Լանան հորեղբոր տանն է, որտեղ գազ կա, բայց շուտով կսպառվի, խողովակներում մնացածն է։ Իրենց և շատերի տանը գազի կամ վառարանի օգտագործումը թույլատրելի չէ, ջեռուցման համար լույսն են օգտագործում, իսկ երբ անջատված է, ստիպված մտնում են վերմակների տակ, որ տաքանան։ Նորան էլ այլընտրանք է գտել՝ արևի բնական ջերմությունը.
«Օրեր առաջ արև էր Արցախում, մրսում ես, դուրս ես գալիս, արևի տակ տաքանում, բայց արդեն ցրտել են եղանակները, ստիպված քնում ենք, որովհետև տանը ջեռուցում չկա, ցուրտ է. կյանքի բնական հունից զրկված ենք»։
Երեխաները դպրոց չեն հաճախում, որոշները միջազգային դպրոցներում են սովորում ու չեն կարողանում մեկնել՝ ուսումը շարունակելու։ Նորայի խոսքով, սակայն, նրանք ամենաշատն են հասկանում իրավիճակը.
«Նկարահանումների համար գնացել էիք Ասկերան, դուք տեսնեիք՝ դպրոցում երեխաները ինչ մեծ եռանդով էին փայտերը դասարան բերում, որ վառեն, տաքանան։ Նրանք օգնում են ծնողներին այս վիճակից դուրս գալ, շատերն անգամ կարող են գնալ, հերթ կանգնել։ Մեր երեխաները հասկանում են այս ամենը ու փորձում են իրենց ուժերի ներածին չափով օգտակար լինել և՛ ծնողներին, և՛ հանրությանը»։
«Հոգեբանական ճնշված վիճակում է ժողովուրդը, ինչքան էլ հուսադրում ենք, որ ապրելու ենք, պայքարում ենք, միևնույն է։ Մեզ պետք է միշտ հիշեցնել, որ մենք մենակ չենք»
Նորա Հայրումյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության մշակույթի վարչությունում է աշխատում, ինչպես շատերը, նա ևս զրկվել է աշխատանքից, բայց իրենը գոնե պետական կառույց է, ասում է, վարձատրությունը չեն կտրի, բայց, օրինակ, խանութներում դատարկություն է, իսկ աշխատողները՝ գործազուրկ։ Նորան նաև լրագրող է, պայմանագրային ծառայություններ է մատուցում Արցախի Հանրային Հեռուստատեսությանը։ Քանի որ դրսից լրագրողներ չեն կարող գալ, լուսաբանման ամբողջ ծանրությունը տեղի լրագրողների վրա է, ովքեր փորձում են ամեն ինչ անել, որ աշխարհը տեսնի՝ ինչ է կատարվում Արցախում։
«Արցախում դիմադրում են, պայքարում են, բայց իրենց հոգեբանական օգնություն է պետք հայ ազգից, ամբողջ աշխարհի ազգերից, որպեսզի մենք մեզ մենակ չզգանք։ Պատկերացրեք մենք մի հատ վանդակի մեջ ենք՝ աշխարհից կտրված։ Այո, մարդիկ կան, որ մեր կողքին են, բայց այն միասնականությունը դեռ մենք չենք զգում։ Թշնամին ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայասպան քաղաքականությունը չի դադարում ու շարունակում է ընկճել հայ ժողովրդին։ Չեմ ասում արցախահայությանը, որովհետև սա ոչ միայն արցախահայության, սա ամբողջ հայ ազգի պայքարն է։ Եթե մենք այսօր կորցնենք Արցախը, և հիմա մազից ենք կախված, պետք է մոռանանք, որ հայ ազգը ընդհանրապես կգոյատևի»։
Լանա Համբարձումյանը ևս Արցախի Հանրային Հեռուստատեսությունում է աշխատում, լրագրող է։ Այս պահին արտակարգ ռեժիմով են աշխատում, անընդհատ սյուժեներ են պատրաստում: Աշխատանքը կորցրած քաղաքացիների համար ասում է՝ պետությունը կոնկրետ միջոցներ չի ձեռնարկում, ավելին Արցախի պետական համալսարանի ուսանողներից ուսման վարձերն են պահանջում, որ վերջիններս կարողանան քննություններին և արդեն փետրվարից դասերին մասնակցեն.
«Հիմա եզրափակիչ քննություների շրջանն է, փետրվարից սկսվում են դասերը, և ոչ ոք իրավունք չունի առանց գումարը վճարելու դասի նստել։ Մինչև 2022 թվականը ուսանողներն անվճար էին սովորում, պետությունը ֆինանսավորում էր։ Հիմա պետությունը պահանջում է վարձերը՝ հաշվի չառնելով այս գործոնը, որ մարդկանց աշխատատեղերն այս պահին փակվել են, նրանք չգիտեն մտածեն գումարը ծախսել ուտելիքի, թե համալսարանի վարձը վճարելու վրա»։
«Սկսեցինք գնահատել մեր ծնողներին, նրանց արածը, որովհետև 30 տարի առաջ նրանք նույն պայքարը մղել էին և պատմում էին, բայց մենք չէինք հասկանում»
Նորան մասնագիտությամբ երաժիշտ է, փոքր հասակում Արցախից տեղափոխվել են Երևան։ Պատերազմից հետո որոշել են հետ գալ Արցախ, որովհետև հայրը երկու պատերազմների մասնակից էր, և դա այն պահն էր, որ պետք է ապրեին իրենց հողում: Հիշում է՝ երբ նոր էր տեղափոխվել, գրական խոսքն այդքան էլ զարգացած չէր, ու նոր դասարանցիները բարբառի համար ծաղրում էին նրան։ Տարիներ անցան, եղան քառօրյա, 44-օրյա պատերազմներն ու իր դասարանի շատ տղաներ Արցախում մասնակցեցին պատերազմին.
«Հիշում եմ՝ ինչ նեղված վիճակում էի այդ տարիքում, բայց այժմ գիտակցում եմ, որ մենք մի ազգ ենք ու պետք չէ մասնատել այդ ցի-երով։ Այն երեխաները, ովքեր ինձ ժամանակին ծաղրել են, իմ հողն են պահել ու ես իրավունք չունեմ իրենց մեղադրել, կարծես ամեն ինչ չեզոքացել է իմ մեջ»։
2020 թվականի պատերազմից հետո բոլորս փոխվեցինք, պատմում է Նորան, մանավանդ Արցախում ապրող այն հայերը, ովքեր կարծես տասը տարով մեծացան։ Պատասխանատվությունը մեծացավ զոհված ու վիրավոր զինվորների հանդեպ, սկսեցինք գնահատել ծնողներին, նրանց արածը.
«Հիմա մենք էտապներվ տեսնում ենք այն, ինչ տեսել են մեր ծնողները։ Ներկա սերունդը տեսնելով այս ամենը՝ պետք է հասկանա, որ անարդարությունները, որոնք տեղի են ունեցել մինչ օրս, նույնությամբ չպետք է կրկնել։ Թուրքերն ուզում են ապացուցել, որ Արցախն իրենցն է։ Այստեղ ունենք Ամարաս, ունենք Դադիվանք, ունենք այնպիսի հուշակոթողներ, վանական համալիրներ՝ ստեղծված 4-րդ, 12-րդ դարերում, որոնք ապացուցում են՝ հայերն այստեղ ապրել ու զարգացրել են մշակույթը, հզոր քաղաքակրթությունը։ Ունենք շատ հզոր հայեր՝ սփռված աշխարհով մեկ, և ինչպես թուրքերն են պրոպագանդում իրենց «ճիշտը», մենք մեր հիմնավոր փաստերը պետք է պրոպագանդենք»։
Քնարիկ Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: