ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ խոսքը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է:

Սեյրան Օհանյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի վեևաբերյալ քրեական գործով: Գլխավոր դատախազությունը ավելի վաղ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցադիմումի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և  նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։

477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Pin It on Pinterest