Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդրեց ներկաներին ոտքի կանգնել եւ  հարգել զոհվածների հիշատակը:

«Գիշերվանից աշխատում ենք դեպքի հետ կապված, մասնավորապես ՊՆ-ի հետ»,-ասաց նա՝ խնդրելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնել դեպքի մանրամասները:

Պապիկյանն ասաց. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն հրդեհային  կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաեւ արգելված միջոց: Խոսքը վերաբերում է նաեւ ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել»:

«Նախնական տվյալներով՝ փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո սպան, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ներգրավվել են նաև փորձագետներ։ Նրա խոսքով՝ կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest