Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թիվը, ըստ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գնահատականների, գերազանցել է յոթ հազարը։ Միաժամանակ ՄԱԿ-ն ընդգծում է, որ իրական զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում նշվում է, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչև այս տարվա հունվարի 15-ը Ուկրաինայում մահացել է 7031 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 433 երեխա։ Վիրավորվել է 11 հազար 327 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 827 երեխա։

ՄԱԿ-ը կրկին, ինչպես յուրաքանչյուր զեկույցում, հիշեցնում է, որ իր հաշվարկներում ներառում է փաստագրված և հաստատված դեպքեր, սակայն իրականում կարող են լինել շատ ավելի խաղաղ բնակիչների մահեր առաջին հերթին այն վայրերի հաշվին, որտեղ ինտենսիվ մարտեր ու հրետակոծություններ են տեղի ունեցել, և որտեղից դեռևս հնարավոր չէ բավարար հավաստի տեղեկատվություն ստանալ։ Դրանք են, մասնավորապես, Մարիուպոլը, Պոպասնայան, Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը և Իզյումը։

Քաղաքացիական բնակչության զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում՝ 495 զոհ, և 1673 վիրավոր՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest