Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետագա պաշտոնավարման հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցն այս անգամ էլ առկախվեց. Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին կայացած նիստում որոշեց մեկ շաբաթով ևս հետաձգել հարցի քննարկումը: Ազգային ժողովից Forrights.am-ին ասացին, որ ԱԺ խորհրդի նիստում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել, և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն որոշվել է հարցը քննարկել մեկ շաբաթ հետո: Այդ ժամանակ արդեն ԱԺ խորհուրդը, ըստ օրենքի, կարող է առանց ընդդիմադիր պատգամավորների ներկայության քննարկել այդ հարցը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի խորհրդի օրակարգում ներառվել էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այդ պատգամավորներ «Հայաստան» խմբակցությունից են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոևան:

Ազգային ժողովի պատգամավորների բացակայության հետ կապված հարցերը կարգավորում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածը, որի համաձայն, եթե յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից պատգամավորն անհարգելի բացակայում է, ապա նրա լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է նաև, թե որ դեպքերում է պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի։ Այդ կետերը 7-ն են ու բխում են պատգամավորական գործունեությունից:

Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունը հաշվարկվում է նիստերի ու քվեարկությունների մասնակցության քանակով: Բացակայության դեպքում, եթե պատգամավորները լրացնում են բացակայությունը բացատրող փաստաթուղթ, այդ դեպքում ԱԺ նախագահը, ըստ օրենքի, դա համարում է հարգելի: Պատգամավորների բացակայությունները անհարգելի չեն համարվում, պարզապես համարվում են բացակայություն այնքան ժամանակ, քանի դեռ չի հատվել սահմանված շեմը, և միայն այդ դեպքում կարող է պատգամավորին մանդատից զրկելու հարց առաջանալ: Այդ հարցը կարող է լուծվել միայն Սահմանադրական դատարանում։

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հնարավորության մասին բարձրաձայնվել էր նաև նախորդ տարի գարնանային և աշնանային նստաշրջանների ժամանակ, երբ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանական աշխատանքը և փողոցում բողոքի ակցիաներ էին իրականացնում: Այժմ իրավիճակը փոխվել է, և ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան», մասնակցում են և ԱԺ մշտական հանձնաժողովների, և լիագումար նիստերի աշխատանքներին, քննարկումներին: Ավելին, հանդես են գալիս նախաձեռնություններով:

ԱԺ խորհրդի նիստից մեկ օր առաջ՝ հունվարի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր. «Խմբակցության հետ կքննարկենք, կարող է ինչ-որ կոնկրետ պատգամավորների վերաբերյալ լինի տենց որոշում, կարող է ընդհանրապես չլինի՝ հաշվի առնելով, որ իրենք վերադարձել են և շարունակում են չակերտավոր աշխատել»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ ճիշտ չէ խորհրդարանական կամ օրենսդրական գործիքներով կարգի հրավիրել պատգամավորներին:

«Պատգամավորի բացակայությունը, նրա լավ կամ վատ աշխատանքը, նրա բարեխիղճ կամ անբարեխիղճ լինելը, պատգամավորի գործունեության արդյունավետությունը իր և իր ընտրողի հարաբերության խնդիր է: Այսինքն՝ պատգամավորը ինքը պետք է գործի ինչպես իր խիղճը թելադրում է, ինչպես գրված է Սահմանադրությունում, դրանից հետո կգա ընտրողի գնահատելու ժամանակը: Ընտրողը արդեն կգնահատի՝ ասենք Իշխան Սաղաթելյանը կամ մյուսը ինչքանով են արդյունավետ գործել կամ ինչքանով են իր տված մանդատը ռեալիզացրել», -Forrights.am-ին ասում է Սուրենյանցը:

Այդուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է հետքայլ անել, և ընդդիմադիրներին պատգամավորական լիազորություններից զրկելու հարցը չի հասնի ՍԴ: Այսօր արդեն ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իրենց խմբակցությունը ուժը չի պատրաստվում դիմել ՍԴ՝ հարգելով ՀՀ քաղաքացիների քվեն ընդդիմադիր կուսակցությունների օգտին։

«Նախ հիշեցնեմ, որ Ազգային ժողովի կանոնակարգի  համաձայն՝ պատգամավորների կողմից քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում հարցը ավտոմատ կերպով մտնում է խորհրդի նիստի օրակարգ՝ անկախ որևէ մեկի նախընտրության և հայեցողության։ Քանի որ մի խումբ պատգամավորներ նորից գերազանցել էին նստաշրջանի ընթացքում բացակայությունները, հարցը մտել էր Խորհրդի օրակարգ։ Մենք խմբակցությունում քննարկել ենք այս իրավիճակը, տարբեր տեսակետներ են եղել։ Այնուամենայնիվ, որոշել ենք, որ այս անգամ ևս չդիմենք Սահմանադրական դատարան և հնարավորություն տանք, որպեսզի այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, ներկայացված լինեն Ազգային ժողովում։ Այս որոշումը նաև մեր քաղաքացիների քվեի նկատմամբ մեր ունեցած հարգանքի դրսևորումն է»- նշել է իշխանական պատգամավորը:

Ինչևէ, Սուրենյանցն ասում է՝ ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի լինել-չլինելու հարցն է հասունացել, երբ Արցախում հումանիտար ճգնաժամ է իշխանությունը պետք է բաց թողներ այս հարցը ու չպետք է նման հնչեղություն տրվեր այս խնդրին:

«Ինձ մոտ տպավորություն կա, որ իշխանության ներսում մի սեգմենտ է ձևավորվել, որ ամենևին էլ դեմ չէ հյուսիսկորեական ոճով ապրելուն: Հայաստանը վտանգավոր եզրագծի շեմին է հասել, և ներսում բարոյական, քաղաքական առումով բարիկադներ առաջացնելը ճիշտ չէ: Ես կարծում եմ՝ չեն զրկի ընդդիմությանը մանդատց, գուցե ինչ-որ գործիչների նկատմամբ սևեռում ունեն, բայց զրկելուն բանը չի հասնի», -նշում է Սուրենյանցը:

Հասմիկ Համբարձումյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest