www.azatutyun.am Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության հետևանքով քաղաքական լարվածությունն ու աճող անպաշտպանվածությունն է գերիշխել Հայաստանում անցած տարվա առանցքային իրադարձություններում, Human rights watch-ն է բնութագրում իր ամենամյա զեկույցում։

«Քաղաքական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրել, բողոքի ակցիաներ անցկացրել՝ պահանջելով նրա հրաժարականը», — այսօր հրապարակված փաստաթղթում նշում է Նյու Յորքում գործող միջազգային կառույցը։

Աշխարհի մոտ հարյուր երկրների թվում անդրադառնալով նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ հեղինակավոր կազմակերպությունը մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր է արձանագրել ինչպես Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, այնպես էլ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները

«Անցած տարի Ռուսաստանի միջնորդած զինադադարը խախտվել է, Ադրբեջանը ներխուժել է Հայաստան, ռազմական գործողությունների անկանոն միջադեպերը սպառնում են Հայաստանի սահմանային կամ Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչների անվտանգությանը»,- փաստում են զեկույցի հեղինակները:

Վկայակոչելով պաշտոնական Երևանի տվյալները՝ HRW-ը նշում է, որ միայն անցած տարվա սեպտեմբերյան բախումների ընթացքում հայկական կողմից զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ, ևս 7600 մարդ էլ՝ հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել են սահմանամերձ շրջաններից, որտեղ վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, երեք հայազգի բնակիչ էլ սպանվել է Լեռնային Ղարաբաղում։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է ավելի վաղ իր կողմից ստուգված և հաստատված սահմռկեցուցիչ տեսանյութի մասին, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ զինվորականներ գնդակահարում անզեն հայ գերիների։

«Առնվազն յոթ հայ զինվորներ արտադատական մահապատժի են ենթարկվել՝ ամենայն հավանականությամբ ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ», — արձանագրում է կազմակերպությունը, որը հայ գերիների գնդակահարումը որակել էր պատերազմի հանցագործություն՝ դեռևս ամիսներ առաջ կոչ անելով պատժել մեղավորներին։

Վատ վերաբերմունք կալանավայրերում

HRW-ը տարիներ ի վեր ահազանգում է հայաստանյան կալանավայրերում բռնությունների և վատ վերաբերմունքի դեպքերի մասին՝ այս զեկույցում էլ ընդգծելով, որ խնդիրն այժմ էլ լուծված չէ, մեղավորները հաճախ մնում են անպատիժ՝ «հարուցված գործերը հիմնականում կարճվում են հանցակազմի բացակայության կամ կասկածյալի ինքնությունը չպարզելու հիմնավորմամբ»։

Զեկույցի հեղինակները նկատել են, որ Հայաստանում խոշտանգումը քրեականացվելուց յոթ տարի անց դատարանը ընդամենը մեկ վճիռ է կայացրել՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտելով նախկին բանտային պաշտոնյայի։

Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի աճ

Բռնություններ են կիրառվել լրագրողների նկատմամբ՝ ընդ որում, այդ դեպքերը աճել են, հղում անելով հայաստանյան կազմակերպությունների զեկույցներին արձանագրում է միջազգային կառույցը՝ մանրամասնելով՝ անցած տարի 13 լրագրող բռնության է ենթարկվել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից, միջադեպերի մեծամասնությունը տեղի է ունեցել ընդդիմության տարբեր բողոքի ակցիաների ժամանակ:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝ https://www.azatutyun.am/

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest